Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսը մի քանի օրվա ընթացքում երկրորդ անգամ հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ, փոխանցել է Phileleftheros-ը։
Հանդիպման ընթացքում Կիպրոսի նախագահն առաջարկել է ուղիղ երկխոսություն սկսել Նիկոսիայի և Անկարայի միջև՝ համակարգված և բազմակողմ բանակցություններ նախապատրաստելու համար, գրում է լրատվականը։
Ըստ կայքի՝ Խրիստոդուլիդեսի և Ֆիդանի հանդիպումը տեղի է ունեցել Բաքվում COP-29-ը համաժողովի շրջանակում։ Դիվանագիտական հարաբերություններ չունեցող երկու երկրների միջև ուղիղ շփումների գաղափարը նպատակ ունի աջակցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի ջանքերին՝ կիպրական կարգավորման շուրջ համաժողով կազմակերպելու համար, գրել է կայքը։
Նշվում է, որ նախկինում Կիպրոսի նախագահն ու Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել էին նոյեմբերի 7-ին Բուդապեշտում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։