Իսպանիայում ավելի քան 200 մարդու կյանք խլած ջրհեղեղներից երկու շաբաթ անց ջրհեղեղներ են սկսվել Մալագայում, տարհանվել է մի քանի հազար մարդ, գրում է Euronews-ը։
Նշվում է, որ նահանգն աղետի սպառնալիքի տակ է։ Տեղի իշխանությունները տարերքի մասին նախազգուշացումներ են ուղարկել բնակիչներին և խնդրել լքել տները: Նահանգում փակվել են դպրոցներ, խանութներ, հետաձգվել են միջոցառումներ։
Մալագայում իշխանությունները վտանգի կարմիր մակարդակ են հայտարարել, այնուհետև իջեցրել են նարնջագույնի: Օդերևութաբանները նախազգուշացրել են, որ կարող են տուժել նաև Իսպանիայի այլ շրջաններ, մասնավորապես՝ Վալենսիան և Բալեարյան կղզիները:
Հոկտեմբերի 30-ին հորդառատ անձրևներ էին տեղացել Վալենսիա, Կաստիլիա-Լա Մանչա և Անդալուզիա ինքնավար համայնքներում: Ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել էր 211-ի։
Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԳՆ տեղեկացրել էր, որ Իսպանիայում ջրհեղեղի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան։
Վալենսիայում ավելի քան 100 000 քաղաքացի բողոքի ակցիաներով պահանջել էր շրջանի ղեկավար Կառլոս Մասոնի հրաժարականը՝ իշխանություններին մեղադրելով ջրհեղեղի մասին քաղաքացիներին ուշ իրազեկելու մեջ։