Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան հայտարարել է, որ ինքը և մյուս պաշտոնյաները կշարունակեն պաշտոնավարել` չնայած բողոքի ցույցերին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Աբխազիայի ղեկավարությունը, նախագահը, փոխնախագահը, վարչապետը և կառավարության անդամները տեղում են և կշարունակեն աշխատել»,- ասել է նա։
Նախագահը հանրապետության բնակիչներին կոչ է արել չտրվել սադրանքներին և ընդգծել է, որ իշխանությունները ջանքեր են գործադրելու այսօրվա իրադարձությունների հետևանքները չեզոքացնելու համար։
Աբխազիայի խորհրդարանն օրենք էր ընդունել, որը հստակեցնում է Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի մանրամասները։ Ընդդիմությունը քննադատել էր փաստաթուղթն ու բողոքի ցույցեր սկսել։ Ցուցարարները կարծում են, որ համաձայնագիրը հանրապետությանը կզրկի ինքնիշխանությունից։
Պատգամավորները որոշել են հետաձգել հարցի քննարկումը մինչև հաջորդ շաբաթ, սակայն ցուցարարները հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ և հայտարարել, որ չեն ցրվելու այնքան ժամանակ, քանի դեռ խորհրդարանը դեմ չի քվեարկել փաստաթղթի վավերացմանը։
Ընդդիմությունը պնդում է, որ համաձայնագրի վավերացումից հետո ռուսական ընկերությունները կսկսեն բնակարաններ կառուցել Աբխազիայում, ինչը կհանգեցնի բնակարանների գների բարձրացմանը և ռիսկեր կստեղծի տնտեսության համար, և դա հետագայում կարող է վնասել տեղական փոքր ու միջին բիզնեսին։
Բախումներ են սկսվել ուժայինների և ցուցարարների միջև, որոնք ավարտվել են խորհրդարանի և նախագահի աշխատակազմի շենքեր վերջիններիս ներխուժմամբ։ Ցուցարարները պահանջում են Բժանիայի հրաժարականը և ժամանակավոր պաշտոնակատարի նշանակում։