ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի՝ Թուրքիա տեղափոխման մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ին՝ հղում անելով Անկարայում դիվանագիտական աղբյուրին։
Ավելի վաղ The Times of Israel-ը, վկայակոչելով արաբ դիվանագետին, գրել էր, որ ՀԱՄԱՍ շարժման բարձրաստիճան ներկայացուցիչները Կատարից մեկնել էին Թուրքիա, երբ Դոհան հրաժարվել էր միջնորդել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցություններում։
«ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամները ժամանակ առ ժամանակ այցելում են Թուրքիա։ Այն պնդումները, թե ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոն տեղափոխվել է Թուրքիա, չի համապատասխանում իրականությանը», – ասել է գործակալության զրուցակիցը:
Հոկտեմբերի 17-ին Իսրայելը հաստատել էր ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարի մահը, իսկ ավելի ուշ հայտնել էր, որ նրան սպանել են Գազայի հատվածի հարավում իրականացված գործողության ընթացքում։ Սինվարի սպանությունից հետո ՀԱՄԱՍ-ի նոր ղեկավար էր նշանակվել Խալեդ Մեշալը։
Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ վատթարացել էր 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայից Իսրայելի տարածք ՀԱՄԱՍ-ի զինված կողմնակիցների ներթափանցումից հետո, որն ուղեկցվել էր սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սպանությամբ և ավելի քան 240 պատանդ վերցնելով։ Ի պատասխան՝ Իսրայելն անկլավում գործողություն էր սկսել՝ նպատակ ունենալով ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի ռազմաքաղաքական կառույցը և ազատ արձակել բոլոր առևանգվածներին։ Գազայի հատվածում մարտերը շարունակվում են մինչ օրս։
Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերից անկլավում հակամարտության զոհ է դարձել 43,4 հազար պաղեստինցի, վիրավորվել՝ 102,3 հազարը։
Տարածաշրջանում իրադրությունն ավելի էր սրվել հուլիսի 30-ին` Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Իսմայիլ Հանիայի սպանությունից և Բեյրութի ուղղությամբ իսրայելական ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահի» բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքերի զոհվելուց հետո:
Իսրայելի ԱԳՆ-ն օգոստոսի 15-ին Հայաստանի և Իրանի հետ սահմանակից մի շարք այլ պետություններում իր քաղաքացիներին խորհուրդ էր տվել «առավելագույն զգոնություն և զգուշություն» ցուցաբերել։