Իսրայելի անվտանգության ուժերը Հորդանան գետի Արևմտյան ափի Ջենին քաղաքի տարածքում ոչնչացրել են 9 պաղեստինցի արմատականների, հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։
Հայտարարության համաձայն՝ դա տեղի է ունեցել ռազմական, հետախուզական գործակալությունների և սահմանապահ ոստիկանության իրականացրած գործողության ընթացքում։ Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռի հարվածի հետևանքով երեք զինված արմատական է սպանվել։ Զինվորականների տվյալներով՝ ոչնչացվածներից ոմանք «ներգրավված են եղել ռազմական կետերի և իսրայելական բնակավայրերի վրա զինված հարձակումների մեջ»։
Ըստ բանակի՝ հարվածից հետո «հայտնաբերվել են երկրորդական պայթյուններ, որոնք վկայում են տարածքում զենքի առկայության մասին»։
Գործողության տարածքում Իսրայելի անվտանգության ուժերի հետ փոխհրաձգության ժամանակ սպանվել է ևս վեց արմատական։
Սեպտեմբերի 20-ին իսրայելական բանակը հայտարարել էր, որ Լիբանանի հարավում խոցել է «Հեզբոլլահի» ավելի քան 100 արձակման կայան և թիրախ։ Սեպտեմբերի 20-ին Իսրայելն ավիահարված էր հասցրել Բեյրութի արվարձաններին, ինչի հետևանքով զոհվել էր 45 մարդ։ «Հեզբոլլահ»-ը հայտնել էր, որ հարվածի հետևանքով սպանվել էր խմբավորման 16 անդամ, այդ թվում՝ հրամանատարներ Իբրահիմ Աքիլը և Ահմեդ Վահբին: