Ռուսաստանը, ի պատասխան իր տարածքում արևմտյան հրթիռների կիրառման, խոցել է Ուկրաինային առանց միջուկային հիպերձայնային բալիստիկ հրթիռով, հեռուստաուղեձում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի տարածքին արևմտյան հեռահար հրթիռների հարվածներն Ուկրաինայի հակամարտությանը տվել են համաշխարհայինի բնույթ։
Պուտինը նշել է, որ նոյեմբերի 19-ին ամերիկյան արտադրության ATACMS հրթիռները, իսկ նոյեմբերի 21-ին՝ բրիտանական Storm Shadow և ամերիկյան արտադրության HIMARS հրթիռները հարվածել են Բրյանսկի և Կուրսկի շրջանների ռազմական օբյեկտներին։
«Ի պատասխան ամերիկյան և բրիտանական հեռահար սպառազինությունների կիրառման՝ այս տարվա նոյեմբերի 21-ին Ռուսաստանի զինված ուժերը համակցված հարված են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներից մեկին։ Ռուսական նորագույն միջին հեռահարության հրթիռային համակարգերից մեկը փորձարկվել է մարտական պայմաններում, այս դեպքում՝ ոչ միջուկային հիպերձայնային սարքավորումներով հագեցած բալիստիկ հրթիռը։ Մեր հրթիռագետներն այն անվանել են «Օրեշնիկ», – ասել է Պուտինը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի տարածքում՝ Դնեպրոպետրովսկում, հարվածել են խոշորագույն արդյունաբերական համալիրներից մեկին։ Պուտինն ընդգծել է, որ միջին և փոքր հեռահարության հրթիռների ստեղծումն իրականացվում է ռուսական կողմից՝ ի պատասխան Եվրոպայում և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում միջին և փոքր հեռահարության հրթիռներ արտադրելու և տեղակայելու ԱՄՆ ծրագրերին։
ՌԴ նախագահը նշել է, որ ռուսական նորագույն հրթիռային համակարգերի հետագա փորձարկումների ժամանակ խոցվելիք թիրախները կորոշվեն՝ ելնելով Ռուսաստանի Դաշնության անվտանգությանն սպառնացող վտանգներից։
«Մենք մեզ իրավունք ենք վերապահում կիրառել մեր զենքն այն երկրների ռազմական թիրախների դեմ, որոնք թույլ են տալիս իրենց զենքն օգտագործել մեր թիրախների դեմ, և ագրեսիվ գործողությունների էսկալացիայի դեպքում նույնքան վճռական և հայելային պատասխան կտանք»,- ասել է Պուտինը։
Նրա խոսքով՝ ներկայումս չկան «Օրեշնիկին» հակազդելու միջոցներ։
«Հրթիռները թիրախները խոցում են վայրկյանում 2,5-3 կիլոմետր արագությամբ։ Աշխարհում առկա ժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգերը և Եվրոպայում ամերիկացիների կողմից ստեղծված հակահրթիռային պաշտպանության համակարգերը չեն որսում նման հրթիռները»,- ասել է Պուտինը։
Ավելի վաղ ուկրաինական կողմը հայտարարել էր, որ Ռուսաստանը նոյեմբերի 21-ի գիշերը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակել Դնեպրի ուղղությամբ։ Ինչպես հայտնում է ուկրաինական Страна հրատարակությունը, հրթիռը հարվածել է Դնեպրի հարավային մեքենաշինական գործարանին։
Նոյեմբերի 18-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թույլատրել է ATACMS բալիստիկ հրթիռներով հարվածել ՌԴ տարածքին։ Ըստ Le Figaro թերթի՝ Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը նույնպես թույլատրել են հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքի խորքին իրենց հեռահար զենքերով։