ՄԹ թագավոր Չարլզ III-ի և նրա կնոջ՝ Կամիլայի թագադրումը բրիտանացի հարկատուների վրա արժեցել է 72 միլիոն ֆունտ սթերլինգ, հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով կառավարության զեկույցը։
Այս գումարից 50 միլիոն ֆունտից մի փոքր ավելին ծախսել է Մշակույթի, ԶԼՄ-ների և սպորտի նախարարությունը, որը համակարգել է արարողությունը։ Անվտանգության հավելյալ միջոցառումների և ոստիկանության վրա ծախսերը կազմել են գրեթե 22 միլիոն ֆունտ սթերլինգ:
Մշակույթի նախարարությունն իր տարեկան զեկույցում Չարլզ III-ի թագադրումը բնութագրում է որպես «մեկ անգամ՝ մեկ սերունդ» միջոցառում։ Միևնույն ժամանակ, արարողությունը կոչվում է «պարզեցված»՝ նկատի ունենալով, մասնավորապես, հյուրերի թիվը. նրանք շատ ավելի քիչ էին, քան Եղիսաբեթ II-ի թագադրման ժամանակ, որը տեղի էր ունեցել 1953 թվականին։
Հակամիապետական ակտիվիստական «Հանրապետություն» շարժման խոսնակ Գրեհեմ Սմիթը The Guardian-ին տված մեկնաբանությունում թագադրումը համարում է հարկատուների փողերի «անպարկեշտ» վատնում: Նա պնդում է, որ արարողության իրական արժեքը շատ ավելի բարձր էր։ Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ Չարլզ III-ի թագադրման համար ծախսվել է 100-250 միլիոն ֆունտ սթերլինգ։