Ամերիկյան Վիսկոնսին նահանգում բնակվող 10-ամյա տղան չի կարողացել լուծել մաթեմատիկայի տնային առաջադրանքը և զանգահարել է 911, գրում է ABC News-ը։
Նրա հետ զրուցել է Կիմ Կրաուզեն։ Տղան ասել է, որ իր ընտանիքում ոչ ոք «մաթեմատիկային լավ չի տիրապետում» և օգնություն է խնդրել: Աշխատակիցը լսել է խնդրի պայմանները և հասկացել, որ չի կարողանա արագ լուծել այն։ Հետո որոշել է ոստիկան ուղարկել՝ երեխային օգնելու համար։
Զանգին արձագանքած ոստիկանը՝ տեղի շերիֆի տեղակալ Չեյզ Մեյսոնը, խոստովանել է, որ ինքը նույնպես «մաթեմատիկայից այնքան էլ լավ չէ», բայց, այնուամենայնիվ, համաձայնել է օգնել երեխային։ Միասին, բարեբախտաբար, նրանք կարողացել են լուծել «տասնորդականների հետ կապված» խնդիրը։
Մեյսոնը տղային այցեքարտ է տվել և խնդրել է զանգահարել, եթե օգնության կարիք ունենա։ Ոստիկանության աշխատակիցը հավելել է, որ հաջորդ անգամ ավելի լավ է, որ երեխան օգտվի «ոչ շտապ» կապի գծից, եթե իրավիճակը չի սպառնում իր կյանքին։