Ուկրաինան կորցրել է Ռուսաստանի Կուրսկի մարզում գրաված տարածքների ավելի քան 40%-ը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Կիևի բարձրաստիճան զինվորական աղբյուրին։
Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանը մոտ 59 000 զինվոր է տեղակայել Կուրսկի շրջանում, երբ Կիևի ուժերն անսպասելի ներխուժել և արագ առաջ են շարժվել։ Կիևի կողմից վերահսկվող Կուրսկի շրջանի տարածքը 1376-ից կրճատվել է մինչև 800 քառակուսի կիլոմետր։
«Կուրսկ ներխուժելով՝ Կիևը նպատակ ուներ կասեցնել ռուսական հարձակումներն Ուկրաինայի արևելքում և հյուսիս-արևելքում, ստիպել Ռուսաստանին հետ քաշել ուժերը, որոնք աստիճանաբար առաջ են շարժվում դեպի արևելք, և Կիևին լրացուցիչ լծակներ տալ ապագա խաղաղ բանակցություններում: Սակայն, նշվում է, որ ռուսական ուժերը շարունակում են կայուն առաջխաղացում Դոնեցկի շրջանում»,- գրում է կայքը:
Նոյեմբերի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ նոյեմբերի 19-ին ամերիկյան արտադրության ATACMS հրթիռները, իսկ նոյեմբերի 21-ին՝ բրիտանական Storm Shadow և ամերիկյան արտադրության HIMARS հրթիռները հարվածել էին Բրյանսկի և Կուրսկի շրջանների ռազմական օբյեկտներին։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի տարածքին արևմտյան հեռահար հրթիռներով հարվածներն Ուկրաինայի հակամարտությանը տվել են համաշխարհայինի բնույթ։
Պուտինը նաև նշել էր, որ Ռուսաստանը, ի պատասխան իր տարածքում արևմտյան հրթիռների կիրառման, Ուկրաինային խոցել է առանց միջուկային հիպերձայնային բալիստիկ հրթիռով, որն ստացել է «Օրեշնիկ» անվանումը։