Ակնկալվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 36 ժամվա ընթացքում կհայտարարեն լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման և Իսրայելի միջև հրադադարի մասին, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով լիբանանյան չորս բարձրաստիճան աղբյուրների:
Միաժամանակ՝ Ֆրանսիայի նախագահականից հայտնել են, որ Լիբանանում հրադադարի շուրջ քննարկումներն զգալի առաջընթաց են գրանցել։
«Շարունակում ենք այս ուղղությամբ աշխատել մեր ամերիկացի գործընկերների հետ, հուսով ենք՝ բոլոր ներգրավված կողմերը հնարավորինս շուտ կօգտվեն այս հնարավորությունից»,- ասվում է հայտարարության մեջ:
Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի խոսքով ևս «զգալի առաջընթաց» կա։
«Հնարավորինս ջանք ենք գործադրում դիվանագիտական որոշում ստանալու համար, որը թույլ կտա այս տասնյակ հազարավոր մարդկանց Լիբանանում և Իսրայելում վերադառնալ տուն, բայց, ի վերջո, դա կախված է կողմերից, ոչ թե մեզանից»,- ասել նա:
Այսօր ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ Իսրայելն ու «Հեզբոլլահ»-ը մոտ են Լիբանանում հրադադարի հաստատմանը։ Իսրայելական Ynet-ը հայտնել էր, որ Իսրայելը նախնական հավանություն է տվել Լիբանանում «Հեզբոլլահի» հետ առաջարկվող զինադադարի համաձայնագրին, որն այժմ ենթակա է կառավարության վերջնական հաստատմանը։
Սեպտեմբերի 20-ին իսրայելական բանակը հայտարարել էր, որ Լիբանանի հարավում խոցել է «Հեզբոլլահի» ավելի քան 100 արձակման կայան և թիրախ։ Սեպտեմբերի 20-ին Իսրայելն ավիահարված էր հասցրել Բեյրութի արվարձաններին, ինչի հետևանքով զոհվել էր 45 մարդ։ «Հեզբոլլահ»-ը հայտնել էր, որ հարվածի հետևանքով սպանվել էր խմբավորման 16 անդամ, այդ թվում՝ հրամանատարներ Իբրահիմ Աքիլը և Ահմեդ Վահբին: