Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին հերքել է ընդդիմադիր «Մտավարի Արխի» հեռուստաալիքի տեղեկությունը, թե իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին լքել է կուսակցությունը, հայտնել է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ կայքը՝ հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Ղարիբաշվիլին մտադիր է լքել կուսակցությունը։
Վրաստանում բողոքի ցույցերը նոր թափ էին ստացել նոյեմբերի 29-ին՝ կապված նոյեմբերի 28-ին Վրաստանի իշխանությունների որոշման հետ, ըստ որի՝ մինչև 2028 թվականը նրանք օրակարգից հանել են Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունները։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ ցուցարարները բողոքում են գոյություն չունեցող խնդրի դեմ, Վրաստանում եվրաինտեգրման գործընթացը չի դադարել։
Նոյեմբերի 29-ին Վրաստանում ոստիկանությունն արցունքաբեր գազ էր կիրառել ցուցարարների նկատմամբ, ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ էին տեղի ունեցել։
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում անցկացվել էին խորհրդարանական ընտրություններ, հաղթել էր «Վրացական երազանքը»։
Վրաստանի նախագահը, «Հանուն փոփոխությունների», «Միասնություն ազգային շարժում» և «Ուժեղ Վրաստան» կոալիցիան չէին ճանաչել ընտրությունների արդյունքները։ Բոլոր չորս կուսակցությունները հրաժարվել էին աշխատել նոր խորհրդարանում և նախագահի հետ բողոքի ցույցի էին դուրս եկել։