Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում մանրամասն քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակը, հայտնել է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ։
«Մանրամասն քննարկվել է Սիրիայում կտրուկ վատթարացած իրավիճակը։ Առաջնորդները կողմ են արտահայտվել ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Աստանայի գործընթացի շրջանակներում փոխգործակցության ամրապնդմանը։ Նշվել է Սիրիայում իրավիճակի կարգավորման հարցում Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի հետագա սերտ համակարգման կարևորությունը»,- ասվում է Կրեմլի տարածած հայտարարության մեջ։
Նոյեմբերի 27-ին սիրիական մի շարք խմբավորումների զինյալներ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորման գլխավորությամբ, հարձակում էին սկսել Սիրիայի հյուսիս-արևմուտքում կառավարական ուժերի դեմ: Նրանք գրավել էին Դամասկոսի և Հալեպի միջև ընկած ճանապարհը, որի հետևանքով զոհվել էր շուրջ 200 մարդ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ։
Ըստ AP-ի՝ նոյեմբերի 30-ին գրոհայինները ներխուժել էին Հալեպ և վերահսկողություն հաստատել Սարաքեբ քաղաքի վրա, որը գտնվում է Հալեպը Դամասկոսի և ափի հետ կապող մայրուղիների ռազմավարական խաչմերուկում: Նոյեմբերի 30-ին սիրիական բանակը հաստատել էր գրոհայինների ներթափանցումը Հալեպ։