Վրաստանի ՆԳՆ աշխատակիցներն ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների և կազմակերպությունների գրասենյակներում խուզարկությունների շրջանակում քրեական մեղադրանքներով ձերբակալել են 7 մարդու, հայտնել է ՏԱՍՍ-ը։
«Ոստիկանությունն օպերատիվ և քննչական գործողությունների արդյունքում ձերբակալել է յոթ մարդու՝ խմբակային բռնություն կազմակերպելու և ղեկավարելու, խմբակային բռնություններին մասնակցելու մեղադրանքով»,- ասել է ՆԳՆ գլխավոր քրեական ոստիկանության վարչության տնօրեն Թեյմուրազ Կուպատաձեն։
Իրավապահները, որպես իրեղեն ապացույց, կուսակցությունների և կազմակերպությունների գրասենյակներից առգրավել են սաղավարտներ, հակագազեր, մեծ քանակությամբ հրավառ նյութեր, էլեկտրական սարքեր, համակարգչային տեխնիկա, ներկեր, տարբեր լուծույթներ։
Վրաստանում բողոքի ցույցերը նոր թափ էին ստացել նոյեմբերի 29-ին՝ կապված նոյեմբերի 28-ին իշխանությունների որոշման հետ, ըստ որի՝ մինչև 2028 թվականը նրանք օրակարգից հանել են Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունները։
Երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ ցուցարարները բողոքում են գոյություն չունեցող խնդրի դեմ, քանի որ եվրաինտեգրման գործընթացը չի դադարել։ Նոյեմբերի 29-ին Վրաստանում ոստիկանությունն արցունքաբեր գազ էր կիրառել ցուցարարների նկատմամբ, ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ էին տեղի ունեցել։
Հոկտեմբերի 26-ին հանրապետությունում անցկացվել էին խորհրդարանական ընտրություններ, հաղթել էր «Վրացական երազանքը»։
Վրաստանի նախագահը, «Հանուն փոփոխությունների», «Միասնություն ազգային շարժում» և «Ուժեղ Վրաստան» կոալիցիան չէին ճանաչել ընտրությունների արդյունքները։ Բոլոր չորս կուսակցությունները հրաժարվել էին աշխատել նոր խորհրդարանում և նախագահի հետ բողոքի ցույցի էին դուրս եկել։