Հալեպում սկսվել է հայ ընտանիքներին օգնության բաշխումը, հայտնել է «Գանձասար»-ը։
Օգնության տրամադրումն իրականացվում է ՀԱԵ Բերիո թեմի առաջնորդությամբ։ Նշվում է, որ օգնության տրամադրումը կշարունակվի առաջիկա օրերին, որպեսզի այն ստանան Հալեպի բոլոր հայ ընտանիքները։ Միջոցառման ընթացքում թեմի առաջնորդ Մակար արքեպիսկոպոս Աշգարյանը հայ համայնքին կոչ է արել խուճապի չմատնվել։
Նոյեմբերի 27-ին սիրիական մի շարք խմբավորումների զինյալներ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորման գլխավորությամբ, հարձակում էին սկսել Սիրիայի հյուսիս-արևմուտքում կառավարական ուժերի դեմ: Նրանք գրավել էին Դամասկոսի և Հալեպի միջև ընկած ճանապարհը, որի հետևանքով զոհվել էր շուրջ 200 մարդ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ։
Հալեպի հայ համայնքի և եկեղեցու առաջնորդները տեղի հայերին հորդորել էին մնալ տանը և անհրաժեշտության դեպքում կապ հաստատել ազգային առաջնորդարանի կամ համայնքային կենտրոնների հետ։