Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտնել է, որ Իսրայելի պաշտպանության ուժերին հրաման է տվել գրավել Սիրայի հետ սահմանազատման գոտին և այն վերահսկող դիրքերը, հայտնել է ՏԱՍՍ-ը։
Ըստ նրա՝ Իսրայելը համարում է, որ Սիրիայի հետ 1974 թվականին ստորագրված պայմանագիրն այլևս ուժ չունի, քանի որ սիրիական զորքերը Դամասկոսում իշխանափոխությունից հետո լքել են տարածքը։
«Այդ տարածքը գտնվում էր 1974 թվականին համաձայնեցված սահմանազատման գոտու վերահսկողության տակ՝ որպես ուժերի տարանջատման համաձայնագրի մաս։ Այս համաձայնագիրը փլուզվեց, սիրիական զորքերը լքեցին իրենց դիրքերը։ Նախօրեին հրաման եմ տվել զավթել սահմանազատման գոտին և այն վերահսկող դիրքերը»,- հայտարարել է Իսրայելի վաչապետը։
Միևնույն ժամանակ՝ նա «համաձայնագրի փլուզումն» անվանել է Մերձավոր Արևելքում Իրանի և Լիբանանի վրա Իսրայելի հարվածներից հետո սկսված «շղթայական ռեակցիայի» արդյունքներից մեկը։
Միաժամանակ՝ Նեթանյահուն ասել է, որ իր երկիրը բաց է սիրիացի խաղաղ բնակիչների հետ բարեկամության և բարիդրացիության համար և նախկինում արդեն օգնել է հարևան երկրի սահմանամերձ շրջանների բնակչությանը։
Սիրիայում զինված հակամարտությունն սկսել էր 2011 թվականից։ Զինադադարը խախտվել էր 2024-ի նոյեմբերի 27-ին, երբ սիրիական մի շարք խմբավորումների զինյալներ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորման գլխավորությամբ, հարձակում էին սկսել երկրի հյուսիս-արևմուտքում կառավարական ուժերի դեմ: Մինչ երկրի նկատմամբ վերահսկողություն հաստատելը՝ նրանք գրավել էին Հալեպը, Համան, Դեր Զորը, Դերաան և Հոմսը։ Դեկտեմբերի 1-ին Հալեպից դուրս գալու ժամանակ դիպուկահարի կրակոցից զոհվել էր հալեպահայ Երվանդ Արսլանյանը։ Դեկտեմբերի 8-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը որոշում է կայացրել թողնել պաշտոնը և հեռանալ Սիրիայից։
ՀՀ ԱԳՆ-ն դեկտեմբերի 8-ին հայտարարել էր, որ Սիրիայից հայերի անվտանգ տարհանման հնարավորություն այս պահին չկա։