Դամասկոսում պարետային ժամի սկսվելուց հետո մի քանի պայթյուն է տեղի ունեցել, հրդեհվել է նաև Ներգաղթի վարչության շենքը, հայտնել է ՏԱՍՍ-ը։
«Պարետային ժամի մեկնարկից հետո մի քանի պայթյուն է տեղի ունեցել, իսրայելական հարվածների մասին հաղորդագրություններ են ստացվել։ Քաղաքում այրվում են վարչական շենքեր»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Դեկտեմբերի 8-ին Սիրիայում պետական հեռուստատեսությունը գրաված զինյալ ահաբեկիչներն ուղիղ եթերում հայտարարել էին, որ վերահսկողություն են հաստատել երկրի նկատմամբ։
ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Ասադը լքել է Սիրիան։ Ավելի ուշ Reuters-ը գրել էր, որ Ասադի ինքնաթիռն անհետացել է քարտեզից, և «մեծ հավանականություն կա, որ նա կարող էր զոհվել ավիավթարի հետևանքով»։
ՌԴ ԱԳՆ-ն ավելի ուշ հայտարարել էր, որ Սիրիայի նախագահը թողել է պաշտոնը և լքել երկիրը։
Սիրիայում զինված հակամարտությունն սկսել էր 2011 թվականից։ Զինադադարը խախտվել էր 2024-ի նոյեմբերի 27-ին, երբ սիրիական մի շարք խմբավորումների զինյալներ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորման գլխավորությամբ, հարձակում էին սկսել երկրի հյուսիս-արևմուտքում կառավարական ուժերի դեմ: Մինչ երկրի նկատմամբ վերահսկողություն հաստատելը՝ նրանք գրավել էին Հալեպը, Համան, Դեր Զորը, Դերաան և Հոմսը։ Դեկտեմբերի 1-ին Հալեպից դուրս գալու ժամանակ դիպուկահարի կրակոցից զոհվել էր հալեպահայ Երվանդ Արսլանյանը։
ՀՀ ԱԳՆ-ն դեկտեմբերի 8-ին հայտարարել էր, որ Սիրիայից հայերի անվտանգ տարհանման հնարավորություն այս պահին չկա։