Իսրայելական բանակն օդային հարվածներ է հասցրել Դամասկոսի հետազոտական կենտրոնին, որտեղ, ըստ Թել Ավիվի աղբյուրի, իրանցի գիտնականները հրթիռներ էին պատրաստում, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը։
Նշվում է, որ Իսրայելը երեք ավիահարված է հասցրել Դամասկոսի Քֆար Սուսա թաղամասում գտնվող անվտանգության հիմնական համալիրին:
Ավելի վաղ, Դամասկոսում պարետային ժամի սկսվելուց հետո, մի քանի պայթյուն էր տեղի ունեցել, հրդեհվել էր նաև Ներգաղթի վարչության շենքը։
Դեկտեմբերի 8-ին Սիրիայում պետական հեռուստատեսությունը գրաված զինյալ ահաբեկիչներն ուղիղ եթերում հայտարարել էին, որ վերահսկողություն են հաստատել երկրի նկատմամբ։
ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Ասադը լքել է Սիրիան։ Ավելի ուշ Reuters-ը գրել էր, որ Ասադի ինքնաթիռն անհետացել է քարտեզից, և «մեծ հավանականություն կա, որ նա կարող էր զոհվել ավիավթարի հետևանքով»։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի ուշ հայտարարել էր, որ Սիրիայի նախագահը թողել է պաշտոնը և լքել երկիրը։ Ավելի ուշ Ասադի ինքնաթիռը վայրէջք էր կատարել Ռուսաստում և ապաստանել այնտեղ։
Սիրիայում զինված հակամարտությունն սկսել էր 2011 թվականից։ Զինադադարը խախտվել էր 2024-ի նոյեմբերի 27-ին, երբ սիրիական մի շարք խմբավորումների զինյալներ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորման գլխավորությամբ, հարձակում էին սկսել երկրի հյուսիս-արևմուտքում կառավարական ուժերի դեմ: Մինչ երկրի նկատմամբ վերահսկողություն հաստատելը՝ նրանք գրավել էին Հալեպը, Համան, Դեր Զորը, Դերաան և Հոմսը։ Դեկտեմբերի 1-ին Հալեպից դուրս գալու ժամանակ դիպուկահարի կրակոցից զոհվել էր հալեպահայ Երվանդ Արսլանյանը։
ՀՀ ԱԳՆ-ն դեկտեմբերի 8-ին հայտարարել էր, որ Սիրիայից հայերի անվտանգ տարհանման հնարավորություն այս պահին չկա։