ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ուժերը (CENTCOM) դեկտեմբերի 8-ին տասնյակ կետային ավիահարվածներ են հասցրել Սիրիայի կենտրոնական մասում գտնվող «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման ճամբարների և զինյալների ուղղությամբ, հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը։
Նշվում է, որ գործողության ընթացքում խոցվել է ավելի քան 75 թիրախ՝ օգտագործելով ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռներ։ ԱՄՆ-ն այս քայլը բացատրել է Սիրիայում ստեղծված իրավիճակով։
«Զինյալներին և ճամբարներին հարվածներ են հասցվել, որպեսզի ահաբեկչական խմբավորումը կենտրոնական Սիրիայում իր դիրքերը վերականգնելու համար չփորձի օգտվել ստեղծված իրավիճակից։ Մենք թույլ չենք տա, որ ԴԱԻՇ-ը վերածնվի և օգտվի Սիրիայում տիրող իրավիճակից»,- ասված է հաղորդագրության մեջ։
Սիրիայում զինված հակամարտությունն սկսել էր 2011 թվականից։ Զինադադարը խախտվել էր 2024-ի նոյեմբերի 27-ին, երբ սիրիական մի շարք խմբավորումների զինյալներ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորման գլխավորությամբ, հարձակում էին սկսել երկրի հյուսիս-արևմուտքում կառավարական ուժերի դեմ: Նրանք գրավել էին Հալեպը, Համան, Դեր Զորը, Դերաան և Հոմսը։
Դեկտեմբերի 8-ին զինյալ ահաբեկիչներն ուղիղ եթերում հայտարարել էին, որ վերահսկողություն են հաստատել Սիրիայի նկատմամբ։ Նույն օրը ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը լքել է Սիրիան։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի ուշ հայտարարել էր, որ Սիրիայի նախագահը թողել է պաշտոնը և լքել երկիրը։ ՏԱՍՍ-ն ավելի ուշ գրել էր, որ Ասադն ու նրա ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա, ՌԴ-ն նրանց ապաստան է տրամադրել։