Իսրայելը և պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը կարող են պայմանավորվել մի քանի շաբաթվա ընթացքում Գազայի հատվածում հրադադար հաստատելու շուրջ, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Կարծում եմ՝ հրադադարը Գազայում հնարավոր է առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում: Իսրայելը և [վարչապետ Բենիամին] Նեթանյահուն ներխուժեցին Գազայի հատված՝ նպատակ ունենալով ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը: Եթե նրանք զինադադար կնքեն ՀԱՄԱՍ-ի հետ, կընդունեն պարտությունը»,- Իրանի պետական հեռուստառադիոընկերության եթերում նշել է նա։
Դեկտեմբերի 2-ին Իսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը Լիբանանի հարավում գտնվող Մարջայուն քաղաքում հարվածել էր մոտոցիկլետի, ինչի հետևանքով մեկ մարդ էր զոհվել։ Նույն օրը լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման զինյալները զինադադարից հետո առաջին անգամ երկու հրթիռ էին արձակել Իսրայելի հյուսիս։ Նեթանյահուն հրթիռային հարձակումն անվանել էր «հրադադարի կոպիտ խախտում» և խոստացել «ուժեղ» պատասխան տալ։
Լիբանանի խորհրդարանի ղեկավար Նաբիհ Բերրին հայտարարել էր, որ Իսրայելը հրադադարը խախտել է 54 անգամ։ Բերրին կոչ էր արել դադարեցնել հրադադարի խախտումները, իսկ Իսրայելին դուրս բերել իր զորքերը Լիբանանի տարածքից: Ըստ բանախոսի՝ «իսրայելական բուլդոզերները շարունակում են քանդել սահմանամերձ գյուղերի տները, հրետանայինները գնդակոծում են տարածքը, իսկ ինքնաթիռները թռչում են լիբանանյան տարածքի խորքերը»։
Նոյեմբերի 26-ին Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը հաստատել էր Լիբանանում հրադադարի համաձայնագիրը։ Կարճ ժամանակ անց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև պայմանավորվածությունները ներառում են լիբանանյան ուժերի վերահսկողությունն իրենց տարածքի նկատմամբ՝ 60 օրվա ընթացքում: Հայաստանը ողջունել էր Լիբանանի և Իսրայելի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնությունը: