Սիրիական բանակի ավելի քան 4000 զինվորական է մեկնել Իրաք, երբ զինված ընդդիմությունը վերահսկողություն է հաստատել երկրի մայրաքաղաք Դամասկոսի վրա, հայտնել է Associated Press (AP) գործակալությունը։
Իրաքի զինված ուժերի ներկայացուցչի խոսքով՝ հարևան երկիր ժամանած սիրիացի զինվորները հանձնել են իրենց զենքերը, զինամթերքն ու զրահամեքենաները։ Լրատվականը նշել է, որ նրանք կտեղավորվեն ճամբարում, որի գտնվելու վայրը չի նշվում։
«Իրաքի հետախուզական ծառայությունների գործակալության զրուցակիցը, ով ցանկացել է անհայտ մնալ, պարզաբանել է, որ Սիրիայի Ալ-Հասաքա նահանգի նահանգապետը կիրակի երեկոյան զինվորականների շարասյան հետ միասին հատել է Իրաքի հետ սահմանը»,- պարզաբանել է կայքը։
Սիրիայում զինված հակամարտությունն սկսել էր 2011 թվականից։ Զինադադարը խախտվել էր 2024-ի նոյեմբերի 27-ին, երբ սիրիական մի շարք խմբավորումների զինյալներ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորման գլխավորությամբ, հարձակում էին սկսել երկրի հյուսիս-արևմուտքում կառավարական ուժերի դեմ: Նրանք գրավել էին Հալեպը, Համան, Դեր Զորը, Դերաան և Հոմսը։
Դեկտեմբերի 8-ին զինյալ ահաբեկիչներն ուղիղ եթերում հայտարարել էին, որ վերահսկողություն են հաստատել Սիրիայի նկատմամբ։ Նույն օրը ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը լքել է Սիրիան։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի ուշ հայտարարել էր, որ Սիրիայի նախագահը թողել է պաշտոնը և լքել երկիրը։ ՏԱՍՍ-ն ավելի ուշ գրել էր, որ Ասադն ու նրա ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա, ՌԴ-ն նրանց ապաստան է տրամադրել։