Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Սիրիայում անցումային գործընթացը և տարածաշրջան հումանիտար օգնություն հասցնելու քայլերը, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Անկարայում իր դիվանագիտական աղբյուրին։
«Զրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը Սիրիայում և տարածաշրջանում։ Կողմերը մտքեր են փոխանակել այն քայլերի շուրջ, որոնք կարող է ձեռնարկել միջազգային հանրությունը, հատկապես ՄԱԿ-ը՝ ապահովելու Սիրիայում քաղաքական անցման կանոնավոր իրականացումը, մարդասիրական օգնության տրամադրումը և Սիրիայի վերակառուցումը»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Սիրիայում զինված հակամարտությունն սկսել էր 2011 թվականից։ Զինադադարը խախտվել էր 2024-ի նոյեմբերի 27-ին, երբ սիրիական մի շարք խմբավորումների զինյալներ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորման գլխավորությամբ, հարձակում էին սկսել երկրի հյուսիս-արևմուտքում կառավարական ուժերի դեմ: Նրանք գրավել էին Հալեպը, Համան, Դեր Զորը, Դերաան և Հոմսը։
Դեկտեմբերի 8-ին զինյալ ահաբեկիչներն ուղիղ եթերում հայտարարել էին, որ վերահսկողություն են հաստատել Սիրիայի նկատմամբ։ Նույն օրը ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը լքել է Սիրիան։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի ուշ հայտարարել էր, որ Սիրիայի նախագահը թողել է պաշտոնը և լքել երկիրը։ ՏԱՍՍ-ն ավելի ուշ գրել էր, որ Ասադն ու նրա ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա, ՌԴ-ն նրանց ապաստան է տրամադրել։