Մեծ Բրիտանիան կդադարեցնի Վրաստանին տրամադրվող օգնության բոլոր ծրագրերը և կսահմանափակի փոխգործակցությունը երկրի կառավարության հետ, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ հայտարարել է ՄԹ արտաքին գործերի նախարար Դևիդ Լամին։
«Ընթացիկ իրադարձություններից հետո Մեծ Բրիտանիան անհապաղ կդադարեցնիծրագրային աջակցությունը Վրաստանի կառավարությանը, կսահմանափակի պաշտպանական համագործակցությունը և փոխգործակցությունը «Վրացական երազանքի» ներկայացուցիչների հետ, քանի դեռ չի դադարեցվել շեղումը եվրոպական ժողովրդավարական նորմերից և ազատություններից»,- ասվում է Լամի հայտարարության մեջ։
Նախարարն «անընդունելի» է անվանել վրացական իշխանությունների բռնությունը ցուցարարների և լրագրողների նկատմամբ և ասել, որ նման գործողություններն «արատավորում են» Վրաստանի միջազգային հեղինակությունը։
Վրաստանում բողոքի ցույցերը նոր թափ էին ստացել նոյեմբերի 29-ին՝ կապված նոյեմբերի 28-ին իշխանությունների որոշման հետ, ըստ որի՝ մինչև 2028 թվականը նրանք օրակարգից հանել են Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունները։
Երկրի վարչապետը հայտարարել էր, որ ցուցարարները բողոքում են գոյություն չունեցող խնդրի դեմ, քանի որ եվրաինտեգրման գործընթացը չի դադարել։ Նոյեմբերի 29-ին Վրաստանում ոստիկանությունն արցունքաբեր գազ էր կիրառել ցուցարարների նկատմամբ, ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ էին տեղի ունեցել։
Հոկտեմբերի 26-ին հանրապետությունում անցկացվել էին խորհրդարանական ընտրություններ, հաղթել էր «Վրացական երազանքը»։
Վրաստանի նախագահը, «Հանուն փոփոխությունների», «Միասնություն ազգային շարժում» և «Ուժեղ Վրաստան» կոալիցիան չէին ճանաչել ընտրությունների արդյունքները։ Բոլոր չորս կուսակցությունները հրաժարվել էին աշխատել նոր խորհրդարանում և նախագահի հետ բողոքի ցույցի էին դուրս եկել։