Թուրքիայի կողմից աջակցվող սիրիական խմբավորումները վերահսկողության տակ են վերցրել Սիրիայի հյուսիսում գտնվող Մանբիջ քաղաքը՝ քրդամետ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) դաշինքի հետ մարտերից հետո, հայտնել է Reuters-ը։
Գործակալության տվյալներով՝ SDF-ը վերջին օրերին կատաղի մարտեր է մղել քաղաքի համար Սիրիայի ազգային բանակի (SNA) և Թուրքիայի կողմից աջակցվող այլ խմբավորումների հետ։
Reuters-ը նշել է, որ SDF-ն վայելում է ԱՄՆ աջակցությունը։ Վաշինգտոնն ավելի վաղ հայտարարել էր, որ կպահպանի մոտ 900 զինվորականի ներկայությունը Սիրիայի արևելքում, որտեղ կենտրոնացած է SDF-ը, և կձեռնարկի անհրաժեշտ քայլեր՝ «Իսլամական պետություն» խմբավորման վերածնունդը կանխելու համար:
Սիրիայում զինված հակամարտությունն սկսել էր 2011 թվականից։ Զինադադարը խախտվել էր 2024-ի նոյեմբերի 27-ին, երբ սիրիական մի շարք խմբավորումների զինյալներ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորման գլխավորությամբ, հարձակում էին սկսել երկրի հյուսիս-արևմուտքում կառավարական ուժերի դեմ: Նրանք գրավել էին Հալեպը, Համան, Դեր Զորը, Դերաան և Հոմսը։
Դեկտեմբերի 8-ին զինյալ ահաբեկիչներն ուղիղ եթերում հայտարարել էին, որ վերահսկողություն են հաստատել Սիրիայի նկատմամբ։ Նույն օրը ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը լքել է Սիրիան։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի ուշ հայտարարել էր, որ Սիրիայի նախագահը թողել է պաշտոնը և լքել երկիրը։ ՏԱՍՍ-ն ավելի ուշ գրել էր, որ Ասադն ու նրա ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա, ՌԴ-ն նրանց ապաստան է տրամադրել։