Իսրայելական տանկերը դուրս են եկել Սիրիայի հետ սահմանի բուֆերային գոտուց և նկատվել Դամասկոսից մոտ 20 կմ հեռավորության վրա, հայտնել է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը։
Ըստ լրատվականի՝ Իսրայելի զորքերը տեղակայված են հարավային Կատանա գյուղի մոտ, որը գտնվում է Սիրիայի մայրաքաղաքից 21 կմ հեռավորության վրա։ Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) դեռ չի մեկնաբանել այս տեղեկությունը, նշել է Al Mayadeen-ը։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Սիրիայի հետ սահմանի երկայնքով պաշտպանվելու նպատակով հետևակ և զրահատեխնիկա են տեղակայվել, իսկ դեսանտայինները բուֆերային գոտում են՝ սպառնալիքները կանխելու համար։
Սիրիայում զինված հակամարտությունն սկսել էր 2011 թվականից։ Զինադադարը խախտվել էր 2024-ի նոյեմբերի 27-ին, երբ սիրիական մի շարք խմբավորումների զինյալներ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորման գլխավորությամբ, հարձակում էին սկսել երկրի հյուսիս-արևմուտքում կառավարական ուժերի դեմ: Նրանք գրավել էին Հալեպը, Համան, Դեր Զորը, Դերաան և Հոմսը։
Դեկտեմբերի 8-ին զինյալ ահաբեկիչներն ուղիղ եթերում հայտարարել էին, որ վերահսկողություն են հաստատել Սիրիայի նկատմամբ։ Նույն օրը ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը լքել է Սիրիան։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի ուշ հայտարարել էր, որ Սիրիայի նախագահը թողել է պաշտոնը և լքել երկիրը։ ՏԱՍՍ-ն ավելի ուշ գրել էր, որ Ասադն ու նրա ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա, ՌԴ-ն նրանց ապաստան է տրամադրել։