Կանադան և Մեքսիկան կարող են դառնալ ամերիկյան նոր նահանգներ, հայտարարել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում։
«Մենք սուբսիդավորում ենք Կանադային տարեկան ավելի քան 100 միլիարդ դոլարի, Մեքսիկային` մինչև 300 միլիարդ դոլար չափով: Ինչո՞ւ ենք սուբսիդավորում այդ երկրներին: Եթե մենք սուբսիդավորելու ենք նրանց, թող նրանք դառնան [նոր] նահանգներ»,- ասել է նա:
Նոյեմբերի 25-ին Թրամփը խոստացել էր, որ նախագահի պաշտոնում իր առաջին օրը՝ 2025 թվականի հունվարի 20-ին, 25% մաքսատուրքեր կսահմանի Կանադայից և Մեքսիկայից բոլոր ապրանքների վրա՝ կապված անօրինական ներգաղթի և թմրանյութերի մաքսանենգության հետ:
Բացի այդ, նա հայտարարել էր, որ Չինաստանից բոլոր ապրանքների վրա լրացուցիչ մաքսատուրքեր կսահմանի 10%-ի չափով, քանի որ իբր Չինաստանից թմրանյութերի մաքսանենգությունը մեծ մասշտաբով գալիս է ԱՄՆ։
Բացի այդ, ընտրված ամերիկացի առաջնորդը պատրաստակամություն էր հայտնել 100%-անոց առևտրային մաքսատուրքեր սահմանել BRICS երկրների ապրանքների վրա, եթե նրանք նոր արժույթ ստեղծեն կամ հրաժարվեն դոլարից։
Նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում տեղի էին ունեցել 60-րդ համընդհանուր ընտրությունները։ Ըստ Fox News-ի` Թրամփը նախնական արդյունքներով ստացել էր 270 ընտրական ձայն՝ դառնալով ԱՄՆ 47-րդ նախագահ։
Նոյեմբերի 6-ին Բայդենը շնորհավորել էր Թրամփին և նրան հրավիրել Սպիտակ տուն՝ քննարկելու պաշտոնի փոխանցումը: Թրամփին հաղթանակի կապակցությամբ շնորհավորել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը և քաղաքական այլ գործիչներ։