Եվրոպական երկրները դադարեցնում են սիրիացիներին ապաստանի տրամադրումը, հայտնում է Интерфакс-ը։
Մասնավորապես, նման մտադրության մասին են հայտնել արդեն Ավստրիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Դանիան, Իտալիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Շվեյցարիան և Շվեդիան: Դա չեն բացառել նաև Ֆրանսիայում։
Մեծ Բրիտանիայի իշխանությունները տեղեկացրել են, որ կասեցվել է սիրիացի փախստականների հարցումների վերաբերյալ որոշումների ընդունումը, քանի դեռ չեն գնահատել իրավիճակը Սիրիայում։ Նշվում է, որ ավելի քան 6500 սիրիացի փախստական ներկայումս սպասում է ապաստանի հայցերի վերաբերյալ որոշմանը:
Փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց պաշտպանության ֆրանսիական գրասենյակը, իր հերթին, հայտարարել է, որ «ուշադիր հետևում է Սիրիայում իրավիճակի զարգացմանը» և չի բացառում այդ երկրից ժամանած մարդկանց ապաստանի խնդրանքների վերաբերյալ որոշումների դադարեցումը։
Գերմանիան ևս կասեցրել է սիրիացի փախստականների ապաստանի դիմումների վերաբերյալ որոշումների կայացումը։ Նշվում է, որ ավելի քան 47 000 դիմումի քննարկում կասեցվել է։
Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամմերը հայտնել է, որ «Սիրիայի քաղաքացիների համար ապաստանի տրամադրման բոլոր գործընթացները կդադարեցվեն»:
«Սիրիայում բռնապետության անկումից հետո անվտանգության իրավիճակը պետք է վերագնահատվի, դա այն է, ինչ ես հանձնարարել եմ անել Ներքին գործերի նախարարին»,- բացատրել է նա:
Շվեյցարիայի միգրացիայի հարցերով պետական քարտուղարությունը հայտարարել է, որ դադարեցնում է «այդ հարցով քննարկումները՝ մինչև Սիրիայում իրավիճակի ուսումնասիրություն»:
Միգրացիայի հարցերով Նորվեգիայի տնօրինությունը նույնպես որոշել է կասեցնել սիրիացի փախստականների՝ ապաստանի դիմումների քննարկումը՝ մինչև հետագա ծանուցում։
Դանիայի փախստականների բողոքարկման խորհուրդը կասեցրել է սիրիացի փախստականներին ապաստան տրամադրելու 69 խնդրանք՝ Սիրիայում «շատ անկայուն իրավիճակի» պատճառով։
Շվեդիայի միգրացիոն գործակալությունը նախատեսում է դադարեցնել սիրիացի փախստականների ապաստանի հարցումների մշակումը։
Նիդերլանդները նույնպես դադարեցրել է սիրիացի փախստականների ապաստանի դիմումների մշակումը՝ «Սիրիայում վերջին իրադարձությունների պատճառով»։
Սիրիայում զինված հակամարտությունն սկսել էր 2011 թվականից։ Զինադադարը խախտվել էր 2024-ի նոյեմբերի 27-ին, երբ սիրիական մի շարք խմբավորումների զինյալներ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորման գլխավորությամբ, հարձակում էին սկսել երկրի հյուսիս-արևմուտքում կառավարական ուժերի դեմ: Նրանք գրավել էին Հալեպը, Համան, Դեր Զորը, Դերաան և Հոմսը։
Դեկտեմբերի 8-ին զինյալ ահաբեկիչներն ուղիղ եթերում հայտարարել էին, որ վերահսկողություն են հաստատել Սիրիայի նկատմամբ։ Նույն օրը ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը լքել է Սիրիան։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի ուշ հայտարարել էր, որ Սիրիայի նախագահը թողել է պաշտոնը և լքել երկիրը։ ՏԱՍՍ-ն ավելի ուշ գրել էր, որ Ասադն ու նրա ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա, ՌԴ-ն նրանց ապաստան է տրամադրել։