Կորեայի Հանրապետության ոստիկանությունը խուզարկություն է սկսել երկրի նախագահ Յուն Սեկ Յոլի վարչակազմում, հայտնել է Yonhap գործակալությունը։
Ըստ կայքի՝ ոստիկանությունը խուզարկություններ է իրականացնում Ազգային ոստիկանական գործակալության շտաբում, Մետրոպոլիտենի գլխավոր վարչությունում և Ազգային ժողովի ոստիկանական գվարդիայի գրասենյակում:
Կայքի տվյալներով՝ Յոլը ներկա չի գտնվել խուզարկությանը։ Կորեայի պատմության մեջ առաջին անգամ երկրի ղեկավարին արգելվել է լքել երկիրը՝ սահմանադրական կարգը տապալելու նպատակով ապստամբության փորձի դեպքում։
«Հարավային Կորեայի օրենքը թույլ է տալիս քրեական պատասխանատվության ենթարկել գործող նախագահին դավաճանության և խռովության մեղադրանքով»,- նշել է լրատվականը:
Բարձրաստիճան պաշտոնյաների հակակոռուպցիոն հետաքննությունների գրասենյակի ղեկավար Օ Դոնգ-Վունը թույլ է տվել ձերբակալել նախագահ Յոլին։
«Հետաքննություն ենք անցկացնում և կուսումնասիրենք ձերբակալության հետ կապված հարցերը»,- ասել է պաշտոնյան՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք պատրաստվո>ւմ են ձերբակալել նախագահին:
Դեկտեմբերի 3-ի երեկոյան Յոլը խորհրդարանական ընդդիմության գործողությունների՝ գործադիր իշխանությունը կաթվածահար անելու դեմ պայքարի նպատակով ռազմական դրություն Էր մտցրել, որը չեղարկվել էր շուրջ 6 ժամ անց: Ընդդիմությունը դեկտեմբերի 4-ին խորհրդարանում իմպիչմենտի գործընթաց էր նախաձեռնել՝ համարելով, որ նախագահը խախտել է Սահմանադրությունը, քանի որ ռազմական դրության համար հիմքեր չկային: Ավելի ուշ ոստիկանությունն ու դատախազությունը նախագահի նկատմամբ հետաքննություն էին սկսել:
Դեկտեմբերի 4-ին Հարավային Կորեայի պաշտպանության նախարարը ներողություն էր խնդրել քաղաքացիներից երկրում ռազմական դրություն հայտարարելու հետ կապված իրավիճակի համար և հրաժարական էր տվել։
Դեկտեմբերի 10-ին Կորեայի խորհրդարանը քվեարկել էր բանաձևի օգտին, որը կոչ էր անում անհապաղ ձերբակալել Յոլին և յոթ այլ պաշտոնյայի՝ ռազմական դրություն մտցնելու փորձի համար։