Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանը դեկտեմբերի 27-ին նախնական լսումներ կանցկացնի երկրի նախագահ Յուն Սոկ Յոլի դեմ խորհրդարանի պատգամավորների կողմից հայտարարված իմպիչմենտի վերաբերյալ, հաղորդում է Yonhap գործակալությունը։
Դատարանը նախագահին տեղեկացրել է լսումների օրվա մասին։ Նշվում է, որ նրա ներկայությունը նախնական դատական նիստին պարտադիր չէ։
Ըստ աղբյուրի՝ Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանն առաջիկա ամիսներին պետք է որոշի, թե նախագահի իմպիչմենտի մասին խորհրդարանի որոշումը կմնա՞ ուժի մեջ, թե՞ ոչ։ Ներկայումս պետության ղեկավարի պաշտոնակատարն է Հարավային Կորեայի վարչապետ Հան Դուկ Սուն։
Եթե դատարանը, այնուամենայնիվ, որոշի նախագահին հեռացնել իշխանությունից, ապա 60 օրվա ընթացքում անհրաժեշտ կլինի արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել։
Դեկտեմբերի 14-ին Հարավային Կորեայի խորհրդարանի անդամները քվեարկել էին Յոլին իմպիչմենտի ենթարկելու օգտին: Նախաձեռնությունը պաշտպանել էր 204 պատգամավոր, 85-ը դեմ էր, 3-ը՝ ձեռնպահ։
Դեկտեմբերի 3-ի երեկոյան Յոլը խորհրդարանական ընդդիմության գործողությունների՝ գործադիր իշխանությունը կաթվածահար անելու դեմ պայքարի նպատակով ռազմական դրություն Էր մտցրել, որը չեղարկվել էր շուրջ 6 ժամ անց: Ընդդիմությունը դեկտեմբերի 4-ին խորհրդարանում իմպիչմենտի գործընթաց էր նախաձեռնել՝ համարելով, որ նախագահը խախտել է Սահմանադրությունը, քանի որ ռազմական դրության համար հիմքեր չկային: Ավելի ուշ ոստիկանությունն ու դատախազությունը նախագահի նկատմամբ հետաքննություն էին սկսել:
Դեկտեմբերի 4-ին Հարավային Կորեայի պաշտպանության նախարարը ներողություն էր խնդրել քաղաքացիներից երկրում ռազմական դրություն հայտարարելու հետ կապված իրավիճակի համար և հրաժարական էր տվել։
Դեկտեմբերի 10-ին Կորեայի խորհրդարանը քվեարկել էր բանաձևի օգտին, որը կոչ էր անում անհապաղ ձերբակալել Յոլին և յոթ այլ պաշտոնյայի՝ ռազմական դրություն մտցնելու փորձի համար։