ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է կապ հաստատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ փորձելով ապահովել Ուկրաինայի հակամարտության լուծումը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Այդ մասին նա հայտարարել է նոյեմբերի ընտրություններում հաղթելուց հետո իր առաջին ասուլիսում, որը տեղի է ունեցել Ֆլորիդայի Մար-ա-Լագոյի իր կալվածքում։
«Մենք կխոսենք նախագահ Պուտինի հետ»,- ասել է Թրամփը և հավելել, որ կխոսի նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ, քանի որ պետք է դադարեցնել այդ կոտորածը։
Ուկրաինայում զինադադարի վերաբերյալ Թրամփի թիմի հետ բանակցություններ վարելու մասին հարցին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել էր, որ Թրամփի թիմը դեռ չի ղեկավարում Սպիտակ տունը։ ԱՄՆ-ի Սահմանադրության 20-րդ ուղղման համաձայն՝ հունվարի 20-ի կեսօրին ավարտվում են Միացյալ Նահանգների նախագահի և փոխնախագահի լիազորությունները, ըստ այդմ՝ ԱՄՆ նոր նախագահի երդմնակալությունը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 20-ին։