Սիրիայի նոր կառավարությունը հայտարարել է երկրում ՌԴ ռազմական ներկայությունը «վերանայելու» ծրագրերի մասին, հայտնում է Euronews-ը։
Հանրապետության անցումային կառավարության խոսնակ Օբեյդա Արնաուտը վիճահարույց է անվանել Ռուսաստանի վերջին գործողությունները Սիրիայում։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը պետք է վերանայի իր ներկայությունը սիրիական տարածքում և «նախաձեռնություններ ձեռնարկի նոր վարչակազմի նկատմամբ՝ ցույց տալու, որ նա թշնամություն չունի սիրիացի ժողովրդի հետ և որ Ասադի ռեժիմի դարաշրջանը վերջապես ավարտվել է»։
Արնաուտը հավելել է, որ անցումային կառավարությունը բարձր մակարդակի բանակցություններ է վարում բազմաթիվ երկրների հետ՝ խթանելով «բացության քաղաքականությունը», որն ուղղված է լավ հարաբերություններ կառուցելու իր հարեւանների և աշխարհի հետ։
Սիրիայում զինված հակամարտությունն սկսել էր 2011 թվականից։ Զինադադարը խախտվել էր 2024-ի նոյեմբերի 27-ին, երբ սիրիական մի շարք խմբավորումների զինյալներ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորման գլխավորությամբ, հարձակում էին սկսել երկրի հյուսիս-արևմուտքում կառավարական ուժերի դեմ: Նրանք գրավել էին Հալեպը, Համան, Դեր Զորը, Դերաան և Հոմսը։
Դեկտեմբերի 8-ին զինյալ ահաբեկիչներն ուղիղ եթերում հայտարարել էին, որ վերահսկողություն են հաստատել Սիրիայի նկատմամբ։ Նույն օրը ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը լքել է Սիրիան։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի ուշ հայտարարել էր, որ Սիրիայի նախագահը թողել է պաշտոնը և լքել երկիրը։ ՏԱՍՍ-ն ավելի ուշ գրել էր, որ Ասադն ու նրա ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա, ՌԴ-ն նրանց ապաստան է տրամադրել։