Սիրիան հյուծված է պատերազմից և սպառնալիք չի ներկայացնում ո՛չ իր հարևանների, ո՛չ Արևմուտքի համար, BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի փաստացի առաջնորդ Ահմեդ Ալ-Շարաան։
Նա կոչ է արել չեղարկել Սիրիայի դեմ պատժամիջոցները։
«Հիմա, այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ, պատժամիջոցները պետք է վերացվեն, քանի որ դրանք ուղղված էին հին ռեժիմի դեմ։ Չի կարելի նույն կերպ վերաբերվել զոհին և կեղեքողին»,- ասել է նա։
Նա հայտարարել է, որ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորմանը պետք է հանել ահաբեկչական կազմակերպությունների ցանկից։ Նրա խոսքով՝ այն ահաբեկչական խմբավորում չէ:
Նա հավելել է, որ կստեղծվի «փորձագետների իրավաբանների սիրիական կոմիտե՝ երկրի Սահմանադրությունը գրելու համար»։
Սիրիայում զինված հակամարտությունն սկսել էր 2011 թվականից։ Զինադադարը խախտվել էր 2024-ի նոյեմբերի 27-ին, երբ սիրիական մի շարք խմբավորումների զինյալներ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորման գլխավորությամբ, հարձակում էին սկսել երկրի հյուսիս-արևմուտքում կառավարական ուժերի դեմ: Նրանք գրավել էին Հալեպը, Համան, Դեր Զորը, Դերաան և Հոմսը։
Դեկտեմբերի 8-ին զինյալ ահաբեկիչներն ուղիղ եթերում հայտարարել էին, որ վերահսկողություն են հաստատել Սիրիայի նկատմամբ։ Նույն օրը ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը լքել է Սիրիան։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի ուշ հայտարարել էր, որ Սիրիայի նախագահը թողել է պաշտոնը և լքել երկիրը։ ՏԱՍՍ-ն ավելի ուշ գրել էր, որ Ասադն ու նրա ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա, ՌԴ-ն նրանց ապաստան է տրամադրել։