Թուրքիան և նրա սիրիական խմբավորումները պատրաստվում են հարձակվել Սիրիայի հյուսիսում գտնվող Քոբանի քաղաքի վրա, որը վերահսկվում է քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) կոալիցիայի կողմից, Reuters-ին հայտնել է SDF-ի հրամանատար Մազլում Աբդին։
Նրա խոսքով՝ SDF-ն առաջարկել է դուրս բերել իր ուժերն այդ տարածքից։ Առաջարկի համաձայն՝ տարածքը կլինի «ներքին անվտանգության ուժերի» վերահսկողության ներքո՝ այնտեղ ամերիկյան զորքերի ներկայությամբ՝ լիակատար զինադադարի պայմանով։
«Մյուս կողմից՝ պատրաստվում ենք հետ մղել ցանկացած հարձակում, եթե այն տեղի ունենա»,- ընդգծել է Աբդին:
SDF-ի հրամանատարությունը հայտնել է, որ Թուրքիան տանկեր և այլ զրահատեխնիկա է կուտակում թուրքական Շանլըուրֆա նահանգի հարավում՝ Քոբանիից սիրիա-թուրքական սահմանով։
Interfax-ի փոխանցմամբ՝ SDF-ն հայտարարել է, որ չնայած դիմադրելու իր պատրաստակամությանը, ցանկանում է հրադադարի հաստատում և տարաձայնությունների լուծում երկխոսության միջոցով։ SDF-ն ողջունել է միջազգային կոալիցիայի ջանքերը՝ ուղղված իրավիճակի թուլացմանը և կոչ է արել ճնշում գործադրել Թուրքիայի և նրա վստահված անձանց վրա՝ ընդգծելով, որ Անկարան ամենամեծ վտանգն է ներկայացնում Սիրիայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության համար։
Սիրիայում զինված հակամարտությունն սկսել էր 2011 թվականից։ Զինադադարը խախտվել էր 2024-ի նոյեմբերի 27-ին, երբ սիրիական մի շարք խմբավորումների զինյալներ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորման գլխավորությամբ, հարձակում էին սկսել երկրի հյուսիս-արևմուտքում կառավարական ուժերի դեմ: Նրանք գրավել էին Հալեպը, Համան, Դեր Զորը, Դերաան և Հոմսը։
Դեկտեմբերի 8-ին զինյալ ահաբեկիչներն ուղիղ եթերում հայտարարել էին, որ վերահսկողություն են հաստատել Սիրիայի նկատմամբ։ Նույն օրը ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը լքել է Սիրիան։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի ուշ հայտարարել էր, որ Սիրիայի նախագահը թողել է պաշտոնը և լքել երկիրը։ ՏԱՍՍ-ն ավելի ուշ գրել էր, որ Ասադն ու նրա ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա, ՌԴ-ն նրանց ապաստան է տրամադրել։