Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Սիրիայում ռուսական բազաների ճակատագիրը պետք է որոշի այդ երկրի ժողովուրդը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
«Սա սիրիացի ժողովրդի հարցն է, նա պետք է որոշում կայացնի»,- ասել է Ֆիդանը ֆրանսիական France 24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Պատասխանելով Ռուսաստանի և Իրանի միջև «Սիրիան լքելու» հնարավոր համաձայնության մասին հարցին, Ֆիդանը նշել է, որ դա «համաձայնություն» չի անվանի։
Խոսելով Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակազմին աջակցելուց Իրանի հրաժարվելու պատճառների մասին՝ Ֆիդանը նշել է, որ, իր կարծիքով, Թեհրանը «վերանայել է իր հնարավորությունները և շատ իրատեսական մոտեցում ցուցաբերել»։
Դեկտեմբերի 19-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Թուրքիան և նրա սիրիական խմբավորումները պատրաստվում են հարձակվել Սիրիայի հյուսիսում գտնվող Քոբանի քաղաքի վրա, որը վերահսկվում է քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) կոալիցիայի կողմից։
Սիրիայում զինված հակամարտությունն սկսել էր 2011 թվականից։ Զինադադարը խախտվել էր 2024-ի նոյեմբերի 27-ին, երբ սիրիական մի շարք խմբավորումների զինյալներ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորման գլխավորությամբ, հարձակում էին սկսել երկրի հյուսիս-արևմուտքում կառավարական ուժերի դեմ: Նրանք գրավել էին Հալեպը, Համան, Դեր Զորը, Դերաան և Հոմսը։
Դեկտեմբերի 8-ին զինյալ ահաբեկիչներն ուղիղ եթերում հայտարարել էին, որ վերահսկողություն են հաստատել Սիրիայի նկատմամբ։ Նույն օրը ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը լքել է Սիրիան։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի ուշ հայտարարել էր, որ Սիրիայի նախագահը թողել է պաշտոնը և լքել երկիրը։ «ՏԱՍՍ»-ն ավելի ուշ գրել էր, որ Ասադն ու նրա ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա, ՌԴ-ն նրանց ապաստան է տրամադրել։