Սիրիայի իշխանությունները պատրաստ են ռազմավարական հարաբերություններ կառուցել Թուրքիայի հետ մի շարք ոլորտներում, Դամասկոսում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է երկրի նոր ղեկավար Ահմեդ ալ-Շարաան (հայտնի է Աբու Մուհամմադ ալ-Ջուլանի մականունով), հայտնել է ՏԱՍՍ-ը։
«Մենք քննարկել ենք Սիրիայի և Թուրքիայի փոխգործակցությունը տնտեսական, քաղաքական և սոցիալական ոլորտներում, Թուրքիան Սիրիայի բարեկամն է, այն մեզ օգնել է հեղափոխության առաջին օրերից։ Մենք դա չենք մոռանա և ծրագրում ենք ապագայում ռազմավարական հարաբերություններ կառուցել Անկարայի հետ»,- ընդգծել է ալ-Շարաան։
Սիրիայում զինված հակամարտությունն սկսել էր 2011 թվականից։ Զինադադարը խախտվել էր 2024-ի նոյեմբերի 27-ին, երբ սիրիական մի շարք խմբավորումների զինյալներ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորման գլխավորությամբ, հարձակում էին սկսել երկրի հյուսիս-արևմուտքում կառավարական ուժերի դեմ: Նրանք գրավել էին Հալեպը, Համան, Դեր Զորը, Դերաան և Հոմսը։
Դեկտեմբերի 8-ին զինյալ ահաբեկիչներն ուղիղ եթերում հայտարարել էին, որ վերահսկողություն են հաստատել Սիրիայի նկատմամբ։ Նույն օրը ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը լքել է Սիրիան։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի ուշ հայտարարել էր, որ Սիրիայի նախագահը թողել է պաշտոնը և լքել երկիրը։ «ՏԱՍՍ»-ն ավելի ուշ գրել էր, որ Ասադն ու նրա ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա, ՌԴ-ն նրանց ապաստան է տրամադրել։