Դամասկոսում քրիստոնյաների բողոքի ցույցեր են սկսվել այն բանից հետո, երբ անհայտ անձինք հրկիզել են տոնածառը մեկ այլ քաղաքում՝ Սուքայլաբիայում, հայտնում է CNN-ը:
Ցուցարարները երթով անցել են Դամասկոսի կենտրոնական փողոցներով, քաղաքի գլխավոր քրիստոնեական եկեղեցիների մոտով, հաղորդում է թերթի թղթակիցը։ Նրանք պահանջներ են հնչեցրել նոր կառավարությանը՝ պաշտպանել Սիրիայի քրիստոնեական համայնքը ճնշումներից։
Դեկտեմբերի սկզբին երկրում իշխանությունը զավթած ապստամբ խմբավորումներից մեկի ներկայացուցիչն արդեն տեսաուղերձ է հղել քրիստոնյաներին՝ խոստանալով պատժել տոնածառի հրկիզման մեղավորներին և հաջորդ օրը նորը տեղադրել։
Սիրիայի բնակչության 3%-ը քրիստոնյաներ են: Նրանք չեն հետապնդվել Բաշար ալ-Ասադի ռեժիմի օրոք։ Սիրիայում նաև բնակվում են տասնյակ հազարավոր հայեր։
Դեկտեմբերի 24-ին իշխանությունը զավթած զինյալ խմբերը որոշել էին ինքնալուծարվել և մտնել երկրի նոր պաշտպանության նախարարության կազմի մեջ։
Սիրիայում զինված հակամարտությունն սկսել էր 2011 թվականից։ Զինադադարը խախտվել էր 2024-ի նոյեմբերի 27-ին, երբ սիրիական մի շարք խմբավորումների զինյալներ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորման գլխավորությամբ, հարձակում էին սկսել երկրի հյուսիս-արևմուտքում կառավարական ուժերի դեմ: Նրանք գրավել էին Հալեպը, Համան, Դեր Զորը, Դերաան և Հոմսը։
Դեկտեմբերի 8-ին զինյալ ահաբեկիչներն ուղիղ եթերում հայտարարել էին, որ վերահսկողություն են հաստատել Սիրիայի նկատմամբ։ Նույն օրը ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Ասադը լքել է Սիրիան։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի ուշ հայտարարել էր, որ Սիրիայի նախագահը թողել է պաշտոնը և լքել երկիրը։ «ՏԱՍՍ»-ն ավելի ուշ գրել էր, որ Ասադն ու նրա ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա, ՌԴ-ն նրանց ապաստան է տրամադրել։