Ղազախական Ակտաու քաղաքի մոտ «Ադրբեջանական ավիաուղիների» ուղևորատար ինքնաթիռին թույլ չեն տվել վայրէջք կատարել ռուսական օդանավակայաններում, Euronews-ին հայտնել է ադրբեջանական կառավարական աղբյուրը։
«Չորեքշաբթի Ղազախստանի Ակտաու քաղաքում «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի կործանման պատճառ է դարձել ռուսական «երկիր-օդ» հրթիռը»,- գրում է կայքը։
Կառավարության աղբյուրների համաձայն՝ հրթիռն արձակվել է Գրոզնիից Բաքու թռչող ինքնաթիռի վրա՝ անօդաչու թռչող սարքի գործունեության ժամանակ, և դրա բեկորները հարվածել են ուղևորներին և անձնակազմի անդամներին՝ պայթելով ինքնաթիռի մոտ թռիչքի կեսին։
Աղբյուրները Euronews-ին հայտնել են, որ խոցված ինքնաթիռին թույլ չեն տվել վայրէջք կատարել ռուսական օդանավակայաններում, չնայած օդաչուների խնդրանքին վթարային վայրէջք կատարելու մասին, և հրամայվել է թռչել Կասպից ծովով դեպի Ղազախստանի Ակտաուի ուղղությամբ։ Ստացված տվյալների համաձայն՝ օդանավի GPS նավիգացիոն համակարգերը խցանվել են ծովի վրայով թռիչքի ամբողջ ընթացքում։
Բաքվից Գրոզնի թռչող Embraer 190 ինքնաթիռը վթարի էր ենթարկվել դեկտեմբերի 25-ի առավոտյան։ Ինքնաթիռում գտնվում էր 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Ուղևորների թվում էին 16 ռուս, Ադրբեջանի 37, Ղազախստանի 6 և Ղրղզստանի 3 քաղաքացիներ։ Ռուսաստանի 9 քաղաքացի գտնվում է հիվանդանոցներում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նախնական տվյալներով՝ ողջ է մնացել 32 մարդ։ Ուղևորատար ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել էր 38 մարդ։