Դամասկոսի Ադրա ալ-Ումալիա շրջանում զենքի պահեստը հսկող սիրիական նոր իշխանությունների առնվազն 5 մարտիկ է սպանվել Իսրայելի հարվածների հետևանքով, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով տարածաշրջանի իր աղբյուրին։
Գործակալության զրուցակցի խոսքով՝ «ավիահարվածները հասցվել են իսրայելական անօդաչու թռչող սարքերի կողմից զենքի պահեստի վրա», որը նախկինում պատկանել է Սիրիայի նախկին կառավարության ուժերին։
«Հարվածները 5 մարդու մահվան պատճառ են դարձել, ովքեր հսկում էին հաստատությունը և պատկանում էին նոր կառավարությանը»,- նշել է աղբյուրը։
Սիրիայում զինված հակամարտությունն սկսել էր 2011 թվականից։ Զինադադարը խախտվել էր 2024-ի նոյեմբերի 27-ին, երբ սիրիական մի շարք խմբավորումների զինյալներ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորման գլխավորությամբ, հարձակում էին սկսել երկրի հյուսիս-արևմուտքում կառավարական ուժերի դեմ: Նրանք գրավել էին Հալեպը, Համան, Դեր Զորը, Դերաան և Հոմսը։
Դեկտեմբերի 8-ին զինյալ ահաբեկիչներն ուղիղ եթերում հայտարարել էին, որ վերահսկողություն են հաստատել Սիրիայի նկատմամբ։ Նույն օրը ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Ասադը լքել է Սիրիան։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի ուշ հայտարարել էր, որ Սիրիայի նախագահը թողել է պաշտոնը և լքել երկիրը։ ՏԱՍՍ-ն ավելի ուշ գրել էր, որ Ասադն ու նրա ընտանիքի անդամները ժամանել էին Մոսկվա, ՌԴ-ն նրանց ապաստան էր տրամադրել։