Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի օդանավակայանում միջազգային թռիչքների սպասարկումը կվերսկսվի հունվարի 7-ից, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով EFE գործակալությունը։
Ըստ գործակալության՝ Սիրիայի քաղաքացիական ավիացիայի վարչության ղեկավար Աշհադ ալ Սուլեյբին չի հստակեցրել, թե որ ավիաընկերություններից է օդանավակայանը թռիչքներ ընդունելու:
«Ես կարող եմ հավաստիացնել արաբական և այլ օտարերկրյա ավիաընկերություններին, որ մեր գործընկերների օգնությամբ մենք աշխատում ենք Դամասկոսի և Հալեպի օդանավակայաններն ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ»,- հավելել է նա։
Անցած տարեվերջին Դամասկոսի օդանավակայանը վերսկսել էր ներքին թռիչքները։
Սիրիայում զինված հակամարտությունն սկսվել էր 2011 թվականից։ Զինադադարը խախտվել էր 2024-ի նոյեմբերի 27-ին, երբ սիրիական մի շարք խմբավորումների զինյալներ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորման գլխավորությամբ, հարձակում էին սկսել երկրի հյուսիս-արևմուտքում կառավարական ուժերի դեմ: Նրանք գրավել էին Հալեպը, Համան, Դեր Զորը, Դերաան և Հոմսը։
Դեկտեմբերի 8-ին զինյալ ահաբեկիչներն ուղիղ եթերում հայտարարել էին, որ վերահսկողություն են հաստատել Սիրիայի նկատմամբ։ Նույն օրը ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Ասադը լքել է Սիրիան։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի ուշ հայտարարել էր, որ Սիրիայի նախագահը թողել է պաշտոնը և լքել երկիրը։ ՏԱՍՍ-ն ավելի ուշ գրել էր, որ Ասադն ու նրա ընտանիքի անդամները ժամանել էին Մոսկվա, ՌԴ-ն նրանց ապաստան էր տրամադրել։
Դեկտեմբերի 24-ին իշխանությունը զավթած զինյալ խմբերը որոշել էին ինքնալուծարվել և մտնել երկրի նոր պաշտպանության նախարարության կազմի մեջ։