Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ մտադիր է հրաժարական տալ Լիբերալ կուսակցության առաջնորդի և վարչապետի պաշտոններից, երբ որոշվի կուսակցության նոր ղեկավարը, հայտնում է ABC News-ը։
Թրյուդոն վարչապետի պաշտոնը կզբաղեցնի մինչև մարտի 24-ը, այնուհետև նրան կփոխարինի Լիբերալ կուսակցության նոր առաջնորդը: Նա վարչապետ է 2015 թվականից։
Նրա կուսակից պատգամավորները կոչ էին արել թողնել պաշտոնը՝ սոցիոլոգիական հարցումների վատ արդյունքների ֆոնին: Հարցումները ցույց են տվել, որ նրա կուսակցությունը, ամենայն հավանականությամբ, պարտություն կկրի հոկտեմբերի վերջին կայանալիք ընտրություններում։
Թրյուդոյի ղեկավարած կառավարությունում տարաձայնություններ էին առաջացել նաև ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի գալիք վարչակազմի կողմից սահմանված հնարավոր մաքսատուրքերի հետ կապված։
Թրյուդոն և Կանադայի Լիբերալ կուսակցությունն սկսել էին կորցնել կանադացիների աջակցությունը 2023 թվականին՝ գների շարունակական աճի և կենսամակարդակի բարձրացման ֆոնին: CBC հեռուստաալիքի վերջին սոցհարցման համաձայն՝ վարչապետի անձնական վարկանիշը կազմում էր 23,1%, մինչդեռ Կանադայի ընդդիմադիր՝ Պահպանողական կուսակցության առաջնորդ Պիեռ Պոլյևրի վարկանիշը 42,6% է։ Սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի սկզբին Պահպանողականները երկու անգամ նախաձեռնել էին Թրյուդոյին անվստահություն հայտնելու գործընթաց, սակայն նրանց չէին աջակցել մյուս երկու ընդդիմադիր կուսակցությունները։