ԱՄՆ-ի ֆինանսերի նախարարությունը հանել է Սիրիայի հետ ֆինանսական գործարքներ կնքելու պատժամիջոցները, հայտնել է նախարարությունը։
Նշվում է, որ թույլտվությունը կապված է Սիրիայում նոր իշխանությունների հաստատման հետ և այն վերաբերում է արաբական հանրապետությունում 2024 թվականի դեկտեմբերի 8-ից հետո կատարված ու նախատեսվող գործարքներին։
Խոսքը, մասնավորապես, Սիրիայի Կենտրոնական բանկի միջոցով մասնավոր փոխանցումների և Սիրիա նավթի, գազի և էլեկտրաէներգիայի վաճառքի կամ փոխանցման գործարքների մասին է։
ԱՄՆ-ն ժամանակավորապես թույլատրել է մի շարք ֆինանսական գործարքներ նաև Սիրիայի պետական կառույցների հետ։ Գերատեսչությունում ընդգծել են, որ թույլտվությունները չեն վերաբերում Ռուսաստանի և Իրանի հետ կապված գործարքներին, ինչպես նաև ռուսական կամ իրանական ծագման տեխնոլոգիաների, ապրանքների, ծրագրային ապահովման և ծառայությունների մատակարարմանը։
The Wall Street Journal-ը գրել է, որ Վաշինգտոնը կարող է վեց ամսով մեղմացնել Սիրիա մարդասիրական օգնություն ուղարկելու սահմանափակումները՝ «ի նշան այդ երկրի նոր կառավարությանն աջակցելուն»։
Սիրիայում զինված հակամարտությունն սկսել էր 2011 թվականից։ Զինադադարը խախտվել էր 2024-ի նոյեմբերի 27-ին, երբ սիրիական մի շարք խմբավորումների զինյալներ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորման գլխավորությամբ, հարձակում էին սկսել երկրի հյուսիս-արևմուտքում կառավարական ուժերի դեմ: Նրանք գրավել էին Հալեպը, Համան, Դեր Զորը, Դերաան և Հոմսը։
Դեկտեմբերի 8-ին զինյալ ահաբեկիչներն ուղիղ եթերում հայտարարել էին, որ վերահսկողություն են հաստատել Սիրիայի նկատմամբ։ Նույն օրը ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Ասադը լքել է Սիրիան։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի ուշ հայտարարել էր, որ Սիրիայի նախագահը թողել է պաշտոնը և լքել երկիրը։ ՏԱՍՍ-ն ավելի ուշ գրել էր, որ Ասադն ու նրա ընտանիքի անդամները ժամանել էին Մոսկվա, ՌԴ-ն նրանց ապաստան էր տրամադրել։