Meta-ն կդադարի օգտագործել փաստերի ստուգման ծրագիրը Facebook-ում, Threads-ում և Instagram-ում, որը ստեղծվել էր սոցիալական մեդիայի իր հավելվածներում ապատեղեկատվության տարածումը կասեցնելու համար, տեսաուղերձում հայտարարել է ընկերության գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը։
Լրատվական կազմակերպություններից և երրորդ կողմի այլ խմբերից օգտվելու փոխարեն Meta-ն հույսը դնելու է օգտատերերի վրա՝ նշումներ ավելացնելու համար այն գրառումներին, որոնք կարող են կեղծ կամ ապակողմնորոշիչ տեղեկատվություն պարունակել:
«Մենք վերադառնում ենք մեր արմատներին, որպեսզի կենտրոնանանք սխալների նվազեցման, մեր կանոնների պարզեցման և հարթակներում արտահայտվելու ազատության վերականգնման վրա։ Ավելի կոնկրետ՝ մենք կազատվենք փաստերի ստուգիչներից և դրանք կփոխարինենք X հարթակում օգտագործվող համայնքային նշաններով»- ասել է Ցուկերբերգը։
Ընկերությունը նաև խոստովանել է, որ բովանդակության մոդերացիայի ներկայիս գործելակերպը «չափից հեռու է գնացել»:
The New York Times-ը գրել է, որ փաստերի ստուգման հայտարարությունը համընկել է Ջոել Կապլանի՝ «Fox & Friends»-ում Meta-ի նորանշանակ գլոբալ քաղաքականության ղեկավարի ելույթի հետ։ Շոուի ժամանակ Կապլանը հայտարարել էր, որ փաստերի ստուգման ծրագրում «չափազանց շատ քաղաքական կողմնակալություն կա»:
Դեկտեմբերի 12-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Meta-ն 1 մլն դոլար էր նվիրաբերել Դոնալդ Թրամփի երդմնակալության հիմնադրամին։ Սա առաջին անգամն է, երբ Facebook-ի սեփականատերը նվիրատվություն է կատարել երդմնակալության հիմնադրամին և դա տեղի է ունեցել Թրամփի բարեհաճությունը շահելու քայլերից հետո։ ԱՄՆ ընտրված նախագահը նախկինում պլատֆորմին մեղադրել էր աջակողմյան ձայները գրաքննելու մեջ և սպառնացել բանտարկել նրա գործադիր տնօրենին: