ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում ուժեղ քամու պատճառով երկրորդ մակարդակի արտակարգ դրություն է հայտարարվել, հայտնել է քաղաքի քաղաքապետ Հելեն Ասատրյանը։
Նա զգուշացրել է, որ քամիները մեծացնում են անտառային հրդեհների վտանգը: Ասատրյանը քաղաքի բնակիչներին կոչ է արել լիցքավորել իրենց սարքերը և շտապ տարհանման համար անհրաժեշտ պարագաներով հանդերձանք պատրաստել։
«Մենք անմիջապես կտեղադրենք թարմացումները GlendaleCA.gov կայքում: Ես լիովին վստահում եմ մեր հիանալի թիմին, որն աշխատում է շուրջօրյա՝ նախապատրաստվելու, պլանավորելու և իրավիճակին արագ արձագանքելու համար»,- գրել է նա Instagram-ում։
Գլենդելը Սփյուռքի ամենամեծ հայկական համայնքներից մեկն է: Ըստ որոշ հաշվարկների՝ հայերը 200 հազարանոց քաղաքի բնակչության մինչև 40%-ն են կազմում։
Հունվարի 13-ին նահանգում հրդեհից զոհվածների թիվը հասել էր 24-ի։ ՀՀ ԱԳՆ-ն հունվարի 9-ին տեղեկացրել էր, որ հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան։
Կարդացեք նաև՝ «Օգնություն Լոս Անջելեսի հրդեհներից տուժածներին. հայկական համայնքի և կազմակերպությունների հետ կապ»։