Մայրաքաղաքի ինքնատիպ միջավայրն ընդգծող երևանյան հանգստի գոտիները փուլ առ փուլ վերագտնում են իրենց երբեմնի նշանակությունը: Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրերով քաղաքի տարբեր վարչական շրջաններում շարունակվում է այգիների և պուրակների բարեկարգման գործընթացը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը պատասխանատուների ուղեցությամբ այցելել է շինհրապարակներ, տեղում ծանոթացել աշխատանքների ընթացքին: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հայրենական պատերազմում հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգին ստեղծման օրից ի վեր երբևէ չէր հիմնանորոգվել, ծրագիրն օրվա պահանջ էր:
Ճարտարապետական հետաքրքիր լուծումներով առանձանցող ու շատրվանային ընդարձակ համալիրով այգում լիարժեք հանգստի հարմարավետ պայմաններ կստեղծվեն: Հաշվի առնելով ներդրումների ծավալը՝ ծրագրի ավարտ է նախանշվում 2023 թվականը:
Որպեսզի հանգստի գոտու բարեկարգումը կրի համալիր բնույթ և ընդգրկի նաև այգու հարակից երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 40-ամյակին նվիրված հուշահամալիրը՝ քաղաքապետի հանձնարարությամբ կիրականցվեն նախագծման աշխատանքներ: Քաղաքապետի խոսքով՝ մինչև 2023թ. ավարտը կամ 2024թ. գարուն՝ այդ հատվածը ևս ամբողջությամբ պատրաստ կլինի:
Տարեկան ծրագրով հանգստի կազմակերպման համար հարմարավետ պայմաններ կապահովվեն նաև Աբովյան պուրակում: Համալիր բարեկարգմամբ ամբողջությամբ կարդիականացվի արտաքին լուսավորության և ոռոգման ցանցը, կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, կանաչապատման նոր լուծումներ կլինեն:
Տասնամյակներ շարունակ սպասարկման ու խնամքի բացակայությունը հետք են թողել նաև մայրաքաղաքի սրտում գտնվող այգիներում ու պուրակներում: Համայնքը վերակառուցման աշխատանքներ կիրականացնի նաև Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում:
Կոմիտասի անվան պուրակը ևս կունենա արդիականացված ոռոգման համակարգ և արտաքին լուսավորության ցանց: Նախատեսվում է բարեկարգել Կոնսերվատորիայի հարակից այգին նույնպես:
Նշվում է, որ ընթացիկ տարում 3.2 մլրդ դրամ է նախատեսված կանաչապատ տարածքներն ավելացնելու և քաղաքն առավել հարմարավետ դարձելու համար»։
Քաղաքային իշխանության ուղենիշն է՝ Երևանը դարձնել հարմարավետ կենսամիջավայր: Բոլոր նախաձեռնությունների մեկնարկը տրված է, իսկ ծրագրերի հիմքում քաղաքի համաչափ զարգացման սկզբունքն է: