Քաղաքապետարանի դաշտում է խնդիրը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն՝ անդրադառնալով Հանրապետության հրապարակի շենքերը վնասելուն:
«Եթե որևիցե, անգամ փոքր վնաս լինի, քաղաքապետարանը 100 տոկոսով պարտավորվել է վերականգնել ամեն ինչ: Այս ամենը ժամանակավոր երևույթ է: Ժամանակավոր զարդարանքները նախարարությունը հատուկ գիտամեթոդիկական նիստում չի քննարկում: Կլինի ճաք, թե անցք, քաղաքապետարանը կվերականգնի»-ասաց նախարարը:
Նշենք, որ քաղաքացիները երեկվանից իրենց զայրույթն են արտահայտում Հանրապետության հրապարակը զարդարելու աշխատանքների մասով: Պատճառն այն է, որ ամանորյա լույսեր ամրացնելու համար Հանրապետության հրապարակի՝ հատուկ պահպանվող հուշարձանների ցանկում ներառված շենքերի վրա անցքեր են արվել: Այդ ամենի հետևանքով վնասվել են հուշարձան հանդիսացող շենքերի որոշ զարդաքանդակներ:
Հավելենք, որ Երևանի քաղաքապետարանը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ նշելով, որ նախքան նախագծի իրականացումը տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ԿԳՄՍ գործընկերների հետ, որոնց կողմից ընդգծվել է նշված շենքերի վրա կատարվելիք աշխատանքների հետևանքների հետագա վերացման, ինչպես նաև աշխատանքների հետևանքները նվազագույնի հասցնելու կարևորությունը։
«Հաշվի առնելով նշվածը, Երևանի քաղաքապետարանի և «Սինեմարտ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրով, ընկերությունը ստանձնել է պարտավորություն տոնական լուսավորության ենթակառուցվածքի ապամոնտաժումից հետո վերականգնել շենքի արտաքին տեսքն անցքերի լցման միջոցով։ Հատուկ ցանկանում ենք շեշտել, որ համացանցով տարածվող նկարը, որտեղ հեղույսը մխրճված է զարդաքանդակի (орнамент) մեջ ոչ մի կապ չունի Երևանի քաղաքապետարանի ամանորյա լուսավորության նախագծի հետ»,- ասված է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ այս տարի «Մանկական Եվրատեսիլ-2022»-ը անցկացվելու է Հայաստանով: Նշված պատճառով Հայաստանում այս տարի քաղաքն ավելի վաղ են սկսել զարդարել: Դեկտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակում տարբեր երկրներից ժամանած միջոցառման մասնակից երեխաները միասին կվառեն գլխավոր տոնածառի լույսերը, հրապարակում տեղի կունենա նաև տոնական միջոցառում և հրավառություն։