Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն արձագանքել է Երևանի Կենտրոնի շենքերի, ըստ էության, նաև Հանրապետության հրապարակի շենքերի լուսավորության տեղադրման շուրջ ստեղծված իրավիճակին:
«Քաղաքի նախատոնական զարդարանքի հետ կապված հանրային քննարկումներն այս տարի, իհարկե, սովորականից քանի անգամ շատ էին՝ պայմանավորված լուսավորության աշխատանքների հարցում մեր կողմից թույլ տրված բացթողումներով։ Մենք հնարավոր ամեն բան անելու ենք իրավիճակը շտկելու համար։
Բայց մեր երկիրն այս տարի պատիվ ունի ընդունել Մանկական եվրատեսիլ միջազգային մրցույթի պատվիրակություններին, իսկ սա եզակի հնարավորություն է լավագույնս հյուրընկալել նրանց եւ բոլոր կողմերից ցույց տալ մայրաքաղաք Երևանը և երևանցուն»,-իր facebook-յան էջում գրել է քաղաքապետը:
Նա վստահություն է հայտնել, որ քննարկումները ոչ պակաս էին լինելու նաև զարդարանքի իսպառ բացակայության դեպքում:
«Հումորներն ու քննադատություններն այդ պարագայում, սակայն, կհնչեին ոչ կոմպետենտության և միջազգային հանրությանը մեր երկիրը ոչ պատշաճ ներկայացնելու ուղղությամբ»-հավելել է նա:
Հիշեցնենք, որ քաղաքացիներն ու մասնագետները իրենց զայրույթն էին արտահայտել մասնավորապես Հանրապետության հրապարակը զարդարելու աշխատանքների մասով: Պատճառն այն է, որ ամանորյա լույսեր ամրացնելու համար Հանրապետության հրապարակի՝ հատուկ պահպանվող հուշարձանների ցանկում ներառված շենքերի վրա անցքեր էին արվել: Այդ ամենի հետևանքով վնասվել էին հուշարձան հանդիսացող շենքերի որոշ զարդաքանդակներ:
Հավելենք, որ Երևանի քաղաքապետարանը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ նշելով, որ նախքան նախագծի իրականացումը տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ԿԳՄՍ գործընկերների հետ, որոնց կողմից ընդգծվել է նշված շենքերի վրա կատարվելիք աշխատանքների հետևանքների հետագա վերացման, ինչպես նաև աշխատանքների հետևանքները նվազագույնի հասցնելու կարևորությունը։