«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար կազմը դեռևս քննարկում չի ունեցել Երևանի ավագանու ընտրություններում անցողիկ շեմը անցած քաղաքական ուժերի հետ համագործակցության հետ կապված հարցով, «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։
«Կուսակցության ղեկավար կազմը դեռևս քննարկում չի իրականացրել։ Այս պահին որևէ հստակ բան չեմ կարող ասել»,-ասել է Գալջյանը։
Այսօր «Ազգային առաջընթաց» կուսակցության երկրորդ համար Հայկ Գրիգորյանը բացառել էր «Մայր Հայաստան» և «Հանրային ձայն» կուսակցությունների հետ կոալիցիա կազմելը։ Կուսակցությունը, սակայն, դեռ պաշտոնապես հայտարարությամբ հանդես չի եկել։
Սեպտեմբերի 17-ին Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հայտարարել էր, թե որ դեպքում կոալիցիա կկազմեն «Ազգային առաջընթաց» և «Հանրային ձայն» կուսակցությունների հետ։
Ըստ նախնական տվյալների՝ Երևանի ավագանու մանդատները բաշխվում են հետևյալ կերպ՝ ՔՊ- 24 մանդատ, «Ազգային առաջընթաց»- 14 մանդատ, «Մայր Հայաստան» դաշինք- 12 մանդատ, «Հանրապետություն»- 8 մանդատ, իսկ «Հանրային ձայն»- 7 մանդատ։
Երևան համայնքի ընտրողների ռեգիստրում հաշվառված է 824 250 քաղաքացի, քվեարկությանը մասնակցել է 234 553 քաղաքացի կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 28.46%-ը։
Ավագանու ընտրություններին մասնակցող 14 քաղաքական ուժերից 5-ը հաղթահարել են կուսակցությունների համար նվազագույն 4% և դաշինքների համար 6% շեմը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Տիգրան Ավինյանը) հավաքել է 32,57 տոկոս կամ 75,463 ձայն: «Ազգային առաջընթաց» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Հայկ Մարությանը) հավաքել է 18,89 տոկոս կամ 43,765 ձայն: «Մայր Հայաստան» դաշինքը (ցուցակը գլխավորում է Անդրանիկ Թևանյանը) հավաքել է 15,43 տոկոս կամ 35,739 ձայն: «Հանրապետություն» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Արտակ Զեյնալյան) ստացել է 11,32 տոկոս կամ 26,236 ձայն, «Հանրային ձայն» կուսակցություն-9,68% (ցուցակը գլխավորում է Արտակ Գալստյանը):