«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին, որը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին։ Այս մասին ասված է խմբակցության հայտարարությունում։
«Ինչպես նախապես տեղեկացրել էինք՝ ոչ իշխանական թեկնածուի շուրջ կոնսենսուսի բացակայության պայմաններում «Մայր Հայաստան» դաշինքն ընտրում է նիստին չներկայանալու և քվորում չապահովելու միջոցով Երևանի ավագանու նոր ընտրություններ անցկացնելու ճանապարհը»,- նշված է հայտարարությունում։
Սեպտեմբերի 28-ին «Ազգային առաջընթաց» կուսակցության նախագահ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ իրենց խմբակցությունը նույնպես չի ներկայանա ավագանու նիստին և կգնա նոր ընտրությունների։
Սեպտեմբերի 17-ին մայրաքաղաք Երևանում տեղի էին ունեցել ավագանու 2023 թվականի ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 24-ի արտահերթ նիստում ամփոփել էր Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները՝ համաձայն որոնց անցողիկ շեմը հաղթահարել էին հետևյալ ուժերը՝ ՔՊ՝ 24 մանդատ, «Ազգային առաջընթաց»՝ 14 մանդատ, «Մայր Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ, «Հանրապետություն»՝ 8 մանդատ, իսկ «Հանրային ձայն»՝ 7 մանդատ։