«Հանրային ձայն» կուսակցությունը դեմ է արտահայտվել Երևանի ավագանու նոր ընտրություններ անցկացնելուն։ Կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանն իր ուղիղ եթերում հայտարարել է, որ պատրաստվում է մասնակցել Երևանի ավագանու անդրանիկ նիստին։
«Ադրբեջանական զորքը կանգնած է Երասխի մոտ, 100 000 փախստական լցվել է Հայաստան, անտուն փողոցներում է՝ դուք ասում եք նոր ընտրություններ»,- ասել է նա իր խոսքում՝ նշելով, որ այս պարագայում թանկ է ամեն մի կոպեկը և չի կարելի նորից բարձրախոսն առնել ու ընկնել Երևանի թաղամասերով քարոզարշավ իրականացնելու։
Նրա խոսքով՝ իր համար մեկ է, թե ով կլինի քաղաքապետ՝ Տիգրան Ավինյանը, թե Հայկ Մարությանը։ Իր կուսակցությունը չունի նման միջոցներ, որ նոր քարոզարշավի գնա։ Նախատեսված միջոցներն այս քարոզարշավին իրեն սատարող ժողովուրդն է տվել։
Ղուկասյանը դեմ է արտահայտվել այսպես ասած «ռոբասերժական կլանին»: «Ես, որպես ընդդիմություն, ավելի նախընտրում եմ, որ սրանք չամրապնդվեն, քան թե Ավինյանը վերարտադրվի»,- նշել է Ղուկասյանը՝ նույնացնելով Հայկ Մարությանին Քոչարյանի հետ։
Հիշեցնենք, որ «Մայր Հայաստան» դաշինքն ու «Ազգային առաջընթաց» կուսակցությունը հայտարարել են, որ կբոյկոտեն ավագանու նիստը, քանի որ հնարավոր չէ 31 ավագանու անդամով ընտրել ընդդիմադիր թեկնածու: Այսպիսով քաղաքապետ չի ընտրվի և նոր ընտրություններ տեղի կունենան:
Մարությանը հայտնել է, որ ԿԸՀ-ի կողմից ավագանու նոր կազմը հաստատելուց հետո, «Հանրային ձայն» կուսակցությունը ստացել է 7 մանդատ ավագանիում, սակայն նրանցի երկուսը` Արտակ Գալստյանը և Տիգրան Ուրիխանյանը չեն կարողանա մասնակցել խորհրդի առաջին նիստին, քանի որ Գալստյանը կալանավորված է, իսկ Ուրիխանյանը հետախուզման մեջ է։
Սեպտեմբերի 17-ին մայրաքաղաք Երևանում տեղի էին ունեցել ավագանու 2023 թվականի ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 24-ի արտահերթ նիստում ամփոփել էր Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները՝ համաձայն որոնց անցողիկ շեմը հաղթահարել էին հետևյալ ուժերը՝ ՔՊ- 24 մանդատ, «Ազգային առաջընթաց»՝ 14 մանդատ, «Մայր Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ, «Հանրապետություն»՝ 8 մանդատ, իսկ «Հանրային ձայն»՝ 7 մանդատ։