«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանն առաջիկայում հայտարարելու է ավագանու անդամի մանդատը վայր դնելու մասին:
Լրատվամիջոցը պարզաբանել է, որ խմբակցությունը հիմնական կազմով պատրաստվում է գնալ ավագանու աշխատանքներին և այնտեղ շարունակել իր գործունեությունը:
«Ինչպես մեր աղբյուրներն են հայտնում, Թևանյանը, ի տարբերություն Հայկ Մարությանի, որը հայտարարել է մանդատը վերցնելու մասին, վայր կդնի մանդատը և կշարունակի իր գործունեությունը՝ որպես ընդդիմադիր գործիչ, «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ»,- նշված է թերթում:
Սեպտեմբերի 17-ին մայրաքաղաք Երևանում տեղի էին ունեցել ավագանու 2023 թվականի ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 24-ի արտահերթ նիստում ամփոփել էր Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները՝ համաձայն որոնց անցողիկ շեմը հաղթահարել էին հետևյալ ուժերը՝ ՔՊ՝ 24 մանդատ, «Ազգային առաջընթաց»՝ 14 մանդատ, «Մայր Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ, «Հանրապետություն»՝ 8 մանդատ, իսկ «Հանրային ձայն»՝ 7 մանդատ։
Հոկտեմբերի 10-ին՝ ավագանու ընտրություններից հետո առաջին նիստում, Երևանի ավագանին քաղաքապետ էր ընտրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Տիգրան Ավինյանին։