«Ազգային առաջընթաց»-ը մտադիր է մասնակցել Երևանի ավագանու նոյեմբերի 21-ի նիստին, իսկ Մարությանի մասնակցության հարցը կորոշվի խմբակցության նիստին, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթի տեղեկություններով՝ հաջորդ երկուշաբթի՝ նոյեմբերի 20-ին, Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը պատրաստվում է նիստ անել, որին մասնակցելու է նաև Հայկ Մարությանը:
Թեև Հայկ Մարությանը վերցրել էր ավագանու անդամի մանդատը, բայց նիստերին մինչ օրս չի մասնակցել:
Հոկտեմբերի 10-ին ավագանու ընտրություններից հետո առաջին նիստում Երևանի ավագանին ձայներով քաղաքապետ է ընտրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Տիգրան Ավինյանին, որը դարձել է նիստին ներկա կուսակցությունների կողմից առաջադրված քաղաքապետի միակ թեկնածուն։
«Ազգային առաջընթացը» հոկտեմբերի 9-ին հայտարարել էր, որ չի մասնակցի նոր ավագանու նիստին՝ այսպիսով՝ գնալով նոր ընտրությունների։ «Մայր Հայաստան» խմբակացությունը նույնպես տեղեկացրել էր, որ ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին։ Իսկ «Հանրային ձայն»-ը հայտարարել էր, որ չի գնա նոր ընտրությունների և կմասնակցի ավագանու նիստին։
Սեպտեմբերի 17-ին մայրաքաղաք Երևանում տեղի էին ունեցել ավագանու 2023 թվականի ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 24-ի արտահերթ նիստում ամփոփել էր Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները՝ համաձայն որոնց անցողիկ շեմը հաղթահարել էին հետևյալ ուժերը՝ ՔՊ՝ 24 մանդատ, «Ազգային առաջընթաց»՝ 14 մանդատ, «Մայր Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ, «Հանրապետություն»՝ 8 մանդատ, իսկ «Հանրային ձայն»՝ 7 մանդատ։